Նոր սերունդն ավելի շատ գնում է փողի հետեւից, քան դիպլոմի. Կրթության փորձագետ

Մտահոգություններ են հնչում, որ այս տարի բուհ է ընդունվել 9620 դիմորդ, մինչդեռ 5 տարի առաջ՝ 2021-ին, բուհեր ընդունվածների թիվը 17200 էր: Aravot.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, սակայն, նշում է, որ այդ 17200 հոգին ընդունվել է, երբ ավարտվել են հեռակայի եւ մյուս մրցույթները: Նրա համոզմամբ, այստեղ համեմատությունը ճիշտ չէ, որովհետեւ 9620-ը ընդամենը հիմնական փուլի ավարտից հետո արձանագրված արդյունքն է:

«Օրինակ, անցյալ տարի բուհեր ընդունվել է 9700 դիմորդ, այս տարի՝ 9600, մոտավորապես 2400 տեղ մնացել է թափուր: Դրա համար հայտարարվել է լրացուցիչ մրցույթ, ուր այլ տեղերից դուրս մնացած դիմորդները դիմել էին 6 հայտով: Հիմա՝ հուլիսի 30-ին, կիմանանք, թե այդ 9600-ին քանի հոգի է ավելանում: Պետք է ներբուհական եւ հեռակայի քննություններն էլ հաշվի առնենք: Դրանք որ ավարտվեն, նոր պարզ կլինի, թե քանի հոգի է այս տարի բուհ ընդունվել»,- նշեց կրթության փորձագետը:

Սերոբ Խաչատրյան

Նրա ձեւակերպմամբ, վերջին 2-3 տարվա ընթացքում թվերի էական փոփոխություն չկա, բայց երկարաժամկետ կտրվածքով առկա է նվազում. «Եթե համեմատում ենք 10 տարի առաջվա պատկերի հետ, բնականաբար, ունենք նվազում, որովհետեւ այն ժամանակ բուհ ընդունվողների թիվն ավելի քան 20.000 է եղել»:

Սերոբ Խաչատրյանը նշում է պատճառները, որոնք մի քանիսն են. «Առաջինը՝ ուսման վարձերը շատ բարձր են, Երեւանում ապրելը թանկ է, ինչն ազդում է դիմորդների թվի վրա, բուհերը աննկատ 50-100 հազար դրամով վարձերն աստիճանաբար բարձրացնում են, առաջին հայացքից դա աննկատ է, բայց եթե երկարաժամկետ դիտարկում ենք, պարզվում է՝ ունենք մասնագիտություններ, որտեղ ուսման վարձը 200-300 հազար դրամով թանկացել է:

Պատճառներից երկրորդն այն է, որ նոր սերունդը մի քիչ ավելի պրակտիկ է: Իրենք կարող են նաեւ համալսարան չդիմել, այսինքն՝ նախկին այն «ավանդույթը», որ երեխան անպայման պետք է բուհ ընդունվի, թե չէ թաղում խայտառակ կլինենք, վերացել է: Բազմաթիվ շրջանավարտներ ու դիմորդներ գերադասում են ընդունվել քոլեջ կամ աշխատել, օրինակ, սուպերմարկետում, սրճարանում: Այսինքն, նոր սերունդն ավելի շատ գնում է փողի հետեւից, քան դիպլոմի: Դա էլ է անդրադառնում թվերի վրա:

Երրորդ պատճառն էլ այն է, որ 12-ամյա կրթական համակարգն այնքան է հոգնեցնում երեխաներին, հատկապես վերջին երկու տարին իրենք ահավոր ձանձրույթով են անցկացնում, որ այլեւս չեն ցանկանում բուհ գնալ: Դպրոցական կրթության երկարացումը ազդել է բուհ ընդունվողների վրա: Բայց էլի եմ ասում, վերջին տարիների կտրվածքով մեծ տատանումներ չունենք, ունենք տատանումներ 12-ամյա կրթությունից առաջվա եւ հետոյի միջեւ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment