Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել

Հասարակություն

29.07.2026 | 14:59

Քննությամբ պարզվել է, որ հուլիսի 22-ին Երևանում արձանագրված մահվան դեպքը ոչ թե հանկարծամահություն է եղել, այլ սպանություն։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում տղամարդը հարվածներ է հասցրել տուժողին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ Կասկածվող անձը կալանավորվել է։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

«2026 թվականի հուլիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրն ուշագնացության ահազանգով դեպքի վայր մեկնած շտապօգնության խումբն արձանագրել է Ն.Ռ.-ի մահը։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված ծավալուն քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, այլ սպանություն:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևան քաղաքի Սիսակյան փողոցի 4-րդ շենքում գումարային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում տղամարդը հարվածներ հասցնելով սպանել է տուժողին, ապա ահազանգել է շտապօգնություն և հայտնել, թե իբր տուժողն ուշագնաց է եղել:
Դատաբժշկական փորձագետի կողմից տրված նախնական ախտորոշման համաձայն՝ տուժողի մահը վրա է հասել գլխի, պարանոցի, կրծքավանդակի փակ, բութ վնասվածքների հետևանքով զարգացած շոկից:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ ենթադրյալ հանցանք կատարած անձի նկատմամբ

Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»:

Leave a comment