Կառավարությունը նախատեսում է 270․7 մլն դրամի հարկային արտոնություն տրամադրել ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպին»։ Հարցն ընդգրկվել է կառավարության սեպտեմբերի 24-ի նիստի չզեկուցվող հարցերի ցանկում, հայտնում է Aysor.am-ը:
Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը, 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է Ջերմուկ համայնքի ղեկավար, իսկ այժմ զբաղեցնում է Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը։
Կառավարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ ընկերությունը նախատեսում է ներմուծել 215 մլն դրամ արժողությամբ սարքավորումներ, ինչպես նաև 656․9 մլն դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ։ Նախատեսված լրացումների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը հասնելու է 4․3 մլրդ դրամի։ Ընդհանուր արժեքի համար մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 270․7 մլն դրամ։
Հիմնավորման մեջ նաև արձանագրվել է, որ արտոնության տրամադրումը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման համար, ինչի հետևանքով ակնկալվում է նոր աշխատատեղերի ստեղծում, ներդրումների ներգրավում, ինչպես նաև տեղական արտադրության և արտահանման խթանում։
«Ջերմուկ գրուպը» հիմնադրվել է 1996 թվականին, իսկ ընկերության հիմնադիրը Աշոտ Արսենյանն է։ Արսենյանն առաջիններից է եղել, ով 2018 թվականին լքել է ՀՀԿ-ի շարքերը։