Դատարկ գերխոշոր նավթատարները ուղևորվում են դեպի Եգիպտոսի միջերկրածովյան Սիդի Կերիր նավահանգիստ՝ Սաուդյան Արաբիայի նավթը բեռնելու համար, քանի որ Եմենի հութիների սպառնալիքներից հետո զգալիորեն նվազել է Կարմիր ծովում գտնվող Սաուդյան Արաբիայի գլխավոր արտահանման տերմինալ մտնող նավերի թիվը։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Ինչպես հայտնում է լրատվական գործակալությունը՝ նավերի հետագծման ծառայությունների տվյալների համաձայն՝ առնվազն ութ գերխոշոր նավթատար (VLCC) Սիդի Կերիրն են նշել որպես իրենց նպատակակետ և առաջիկա շաբաթներին պետք է հասնեն այնտեղ։ Հոդվածում նշվում է, որ պետական Saudi Aramco-ն սկսել է ավելի մեծ ծավալով նավթ առաջարկել Եգիպտոսի նավահանգստով արտահանման համար այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Իրանի աջակցությունը վայելող հութիները հարձակվել են Կարմիր ծովում գտնվող նավի վրա։
Bloomberg-ի վկայակոչած նավագնացության ծառայությունների տվյալներով՝ Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող Bidbid նավթատարն այժմ շարժվում է դեպի Սիդի Կերիր և, ինչպես սպասվում է, այսօր այնտեղ կբեռնի նավթ՝ Ասիա տեղափոխելու համար։ Եվս երկու նավթատաները՝ VL Bright-ը և Taga-ն սկզբում ուղևորվում էին դեպի ԱՄՆ, սակայն անսպասելիորեն փոխել են երթուղին և ուղղություն վերցրել դեպի Եգիպտոսի նավահանգիստ։ Միևնույն ժամանակ, վերջին ամիսներին Taga-ն գրեթե բացառապես նավարկել է դեպի Ճապոնիա։
Մնացած հինգ նավերը, որոնք ուղևորվում են դեպի Սիդի Կերիր, ինչպես գրում է լրատվական գործակալությունը, կառավարվում են հարավկորեական մասնավոր Sinokor Group խմբի կողմից, որը փետրվարի վերջին սկսված իրանա-իսրայելական պատերազմից հետո դարձել է Հորմուզի նեղուցում գործող ամենաակտիվ օպերատորներից մեկը։
Ըստ Bloomberg-ի՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Բաբ էլ-Մանդեբի նեղուցով հիմնականում շարունակել են անցնել չինական նավերը և Իրանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրների նավթատարները։ Արևմտյան փոխադրող ընկերությունները և ասիական ավելի զգուշավոր նավագնացային ընկերությունները նախընտրել են ավելի երկար և թանկ երթուղին։