ՀՀ–ԵՄ հարաբերությունները` նոր ռազմավարական փուլում․ հնարավորություններն ու ռուսական հակազդեցությունը
Քաղաքական մերձեցումից մինչեւ անվտանգության համագործակցություն
Վերջին ամիսներին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները որակապես նոր փուլում են։ Եթե նախկինում կողմերի համագործակցությունն առավելապես սահմանափակվում էր տնտեսական, ինստիտուցիոնալ եւ ժողովրդավարական բարեփոխումների ուղղություններով, ապա այժմ այն աստիճանաբար ընդգրկում է նաեւ անվտանգային եւ քաղաքական ոլորտները։ Այս փոփոխությունը պայմանավորված է ինչպես Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերանայմամբ, այնպես էլ տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողություններով, որոնց արդյունքում ԵՄ-ն փորձում է մեծացնել իր դերակատարությունը Հարավային Կովկասում։
Վերջին ամիսների իրադարձությունները ցույց են տալիս, որ Բրյուսելն արդեն Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես Արեւելյան գործընկերության անդամ, այլ նաեւ որպես երկիր, որի հետ հնարավոր է կառուցել ավելի խորքային ռազմավարական համագործակցություն։ Այդ համագործակցության հիմքում են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, պետական դիմակայունության բարձրացումը, անվտանգության ոլորտում խորհրդատվական աջակցությունը եւ արտաքին ազդեցություններին դիմակայելու կարողությունների զարգացումը։
Այս գործընթացի կարեւոր դրսեւորումներից մեկը դարձավ Հայաստանի դիմումը Եվրամիությանը՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ աջակցություն ստանալու նպատակով։ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարեց, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով ընտրություններին ընդառաջ ցուցաբերել այնպիսի աջակցություն, ինչպիսին նախկինում տրամադրվել էր Մոլդովային՝ արտաքին միջամտություններին հակազդելու համար։ Նա նկատել էր, թե ԵՄ-ն պետք է գնահատի, թե ինչ քայլերով կարող է աջակցել Հայաստանին՝ ժողովրդավարական գործընթացների պաշտպանության ուղղությամբ։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւս հաստատել էր, որ Բրյուսելում քննարկվել են ոչ միայն տնտեսական համագործակցության եւ դիմակայունության բարձրացման, այլեւ անվտանգության, հիբրիդային սպառնալիքների եւ Եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակներում աջակցության հարցերը։ Թեեւ պաշտոնական Երեւանը հրապարակայնորեն չէր մանրամասնում, թե հատկապես որ պետություններից են բխում այդ վտանգները, քննարկումների բովանդակությունը ցույց էր տալիս, որ անվտանգության բաղադրիչն արդեն դարձել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքային ուղղություններից մեկը։
Իշխանությունները փաստացի շեշտեցին, որ խորհրդարանական ընտրություններից առաջ գոյություն ունեն արտաքին միջամտության ռիսկեր, հստակ հայտարարելով, որ՝ «հնարավոր են հիբրիդային հարձակումներ», «կեղծ տեղեկատվության տարածում»։
Այս հայտարարություններին զուգահեռ Բրյուսելը որոշեց Հայաստանին տրամադրել 12 միլիոն եվրոյի աջակցություն՝ արտաքին միջամտությունների դեմ պայքարի նպատակով։ Եթե ՀՀ պաշտոնյաները հրապարակային հայտարարություններում խուսափում էին հստակ մատնանշել հնարավոր սպառնալիքների աղբյուրը, ապա եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներն առավել ուղիղ ձեւակերպումներ էին օգտագործում։
Դեկտեմբերի սկզբին Հայաստան-ԵՄ ռազմավարական նոր փաստաթղթի ստորագրման ընթացքում Կայա Կալլասը, իսկ ավելի ուշ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարեցին, որ Ռուսաստանը փորձում է հիբրիդային մեթոդներով ազդել այն երկրների վրա, որոնք խորացնում են հարաբերությունները Եվրամիության հետ։ Ֆրիդրիխ Մերցի գնահատմամբ՝ Ռուսաստանը փորձում է վախեր տարածել Եվրամիության եւ Արեւմուտքի հետ Հայաստանի մերձեցման վերաբերյալ, ինչպես նաեւ ապատեղեկատվություն տարածել եվրոպական արժեքների մասին։ Թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն չարձագանքեց այդ գնահատականներին, դրանք փաստացի դարձան առաջին դեպքերից մեկը, երբ եվրոպական առաջնորդներն այդքան բաց ձեւակերպումներով խոսեցին Հայաստանի ներքաղաքական գործընթացների եւ արտաքին ազդեցությունների հնարավոր կապի մասին։
Այսպիսով, արդեն 2025-ի վերջին ակնհայտ դարձավ, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն աստիճանաբար դուրս են գալիս դասական գործընկերության շրջանակներից եւ ստանում անվտանգության ու ռազմավարական համագործակցության նոր բաղադրիչներ։ Այդ գործընթացն իր հերթին ձեւավորում է ոչ միայն նոր հնարավորություններ Հայաստանի համար, այլ նաեւ առաջացնում է նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներ, որոնց կենտրոնում գտնվում են Ռուսաստանի արձագանքն ու տարածաշրջանային ուժային հավասարակշռության փոփոխությունները։
Հայաստան–ԵՄ հարաբերությունների նոր բովանդակությունը, Ռուսաստանի արձագանքը
2026-ի առաջին ամիսներին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները մտան զարգացման նոր փուլ, երբ քաղաքական երկխոսությանը զուգահեռ սկսեցին ձեւավորվել նաեւ անվտանգության ոլորտում գործնական համագործակցության մեխանիզմներ։ Եթե մինչ այդ Եվրամիության ներգրավվածությունն առավելապես արտահայտվում էր սահմանային դիտորդական առաքելության, տնտեսական աջակցության եւ ժողովրդավարական բարեփոխումների խթանման միջոցով, ապա այս փուլում առաջնային դարձան հիբրիդային սպառնալիքներին, կիբեռանվտանգությանը, տեղեկատվական մանիպուլյացիաներին եւ ընտրական գործընթացների պաշտպանությանը վերաբերող նախաձեռնությունները։
Մարտին հայտնի դարձավ, որ Հայաստանի դիմումի հիման վրա Եվրամիությունը ապրիլի սկզբին Հայաստան կուղարկի մասնագետներից բաղկացած հիբրիդային արագ արձագանքման խումբ։ Նշվեց, որ փորձագետների առաքելության նպատակն էր աջակցել Հայաստանի պետական մարմիններին՝ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաներին, կիբերհարձակումներին, ընտրական գործընթացների ապօրինի ֆինանսավորմանը եւ այլ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու գործում։ Փաստաթղթերում ընդգծվում էր, որ հատկապես հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ նման վտանգների աճը «խիստ հավանական» է։
Հայտարարվեց, որ առաքելությունը նախատեսում էր համագործակցել վարչապետի աշխատակազմի, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ներքին գործերի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի եւ այլ կառույցների հետ՝ մշակելով ճգնաժամային կառավարման մեխանիզմներ, տեղեկատվական անվտանգության գործիքներ եւ միջգերատեսչական համակարգման նոր ձեւաչափեր։ Այսպիսով, Եվրամիությունը փաստացի անցնում էր խորհրդատվական քաղաքականությունից դեպի պետական կառավարման առանձին ոլորտներում գործնական ներգրավվածություն։
Հատկանշական էր, որ այս փուլում եվրոպացի պաշտոնյաներն արդեն բացահայտ էին մատնանշում այն երկիրը, որին համարում էին հիմնական հիբրիդային սպառնալիքների աղբյուր։ Կայա Կալլասը հայտարարեց, որ որքան որեւէ երկիր մոտենում է Եվրամիությանը, այնքան ավելի մեծանում է արտաքին միջամտության հավանականությունը։ Որպես օրինակ նա հիշատակել էր Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան՝ ընդգծելով, որ Ռուսաստանը նախկինում կիրառել է նույն մեթոդները նաեւ այդ երկրների նկատմամբ։
Կալլասի գնահատմամբ՝ Ռուսաստանը Մոլդովայում իր ձախողված փորձից հետո սկսել է նույն գործելակերպը կիրառել նաեւ Հայաստանի նկատմամբ՝ նույնիսկ ավելի վաղ՝ ընտրություններից շուրջ մեկ տարի առաջ։ Նրա խոսքով՝ ռուսական միջամտությունը կարող է դրսեւորվել տեղեկատվական մանիպուլյացիաների, ֆինանսական ազդեցության, ընտրական գործընթացների վրա ներգործության եւ այլ հիբրիդային մեխանիզմների միջոցով։ Նա նաեւ ընդգծեց, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին այնպես, ինչպես նախկինում աջակցել էր Մոլդովային։
Այս հայտարարություններն անմիջապես արժանացան Ռուսաստանի կոշտ արձագանքին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական հիբրիդային գործողությունների վերաբերյալ մեղադրանքները որակեց «առնվազն տարօրինակ եւ առասպելական»՝ դրանք ներկայացնելով որպես անհիմն քաղաքական հայտարարություններ։ Այս արձագանքը հերթական անգամ ցույց տվեց, որ Մոսկվան Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ձեւավորվող անվտանգային համագործակցությունը դիտարկում է որպես սեփական ազդեցության գոտուն ուղղված մարտահրավեր։
Միաժամանակ Հայաստանի Արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարեց, որ ստացել է տվյալներ, ըստ որոնց՝ այլ երկրում հատուկ ծառայությունների անունից հանդես եկող անձինք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրում՝ նպատակ ունենալով նրանց ներգրավել 2026-ի ընտրությունների ֆինանսական եւ կազմակերպչական գործընթացներում։ Թեեւ պաշտոնական Երեւանը կրկին չհրապարակեց երկրի անունը, իրավապահ մարմինները հարուցեցին քրեական վարույթ։ Այս հանգամանքը վկայում էր, որ իշխանությունները եւս հրապարակային մակարդակում սկսել են խոսել արտաքին ազդեցությունների հնարավոր ռիսկերի մասին՝ առանց դրանք բացահայտ քաղաքականացնելու։
Մարտի վերջին Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները համաձայնություն տվեցին արագ արձագանքման խմբի գործուղմանը Հայաստան։ Միեւնույն ժամանակ շրջանառության մեջ դրվեց «Հայաստանի համար ճգնաժամային մոտեցման քաղաքական շրջանակ» (Political Framework for a Crisis Approach for Armenia) փաստաթուղթը, որն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների գնահատման տեսանկյունից։
Փաստաթղթում արձանագրվում էր, որ Եվրամիության կենսական շահերից է բխում Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը եւ երկրի աստիճանական դիմակայունության բարձրացումը արտաքին ազդեցությունների նկատմամբ։ Միաժամանակ առաջին անգամ այսպիսի հստակ ձեւակերպմամբ նշվում էր, որ Հայաստանի նկատմամբ Եվրամիության հիմնական աշխարհաքաղաքական հակառակորդը Ռուսաստանն է, որը, ըստ փաստաթղթի, օգտագործում է Հայաստանի տնտեսական կախվածությունը, էներգետիկ համակարգը, տեղեկատվական դաշտը եւ տարածաշրջանային անվտանգության փխրուն իրավիճակը՝ սեփական ազդեցությունը պահպանելու նպատակով։
Փաստաթուղթը մանրամասն ներկայացնում էր նաեւ այն լծակները, որոնք, ըստ եվրոպական գնահատականների, կարող է կիրառել Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ։ Դրանց թվում նշվում էին բնական գազի գնի բարձրացման հնարավորությունը, առանձին ապրանքախմբերի առեւտրի սահմանափակումը, տնտեսական ճնշումները, ապատեղեկատվական արշավները, հոգեբանական ազդեցության գործողությունները, ինչպես նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի հետ կապված անվտանգային մտահոգությունների շահարկումը։
Այս գնահատականներն առանձնահատուկ ուշադրության էին արժանի, քանի որ փաստացի արտացոլում էին այն ռիսկերը, որոնց մի մասը վերջին ամիսներին արդեն սկսել էր դրսեւորվել հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում։
Փաստաթուղթը, սակայն, միաժամանակ ընդգծում էր նաեւ Հայաստանի ներկայիս կախվածությունը Ռուսաստանից։ Ըստ եվրոպական գնահատականների՝ Հայաստանը շարունակում է սերտորեն կապված մնալ Մոսկվայի հետ անվտանգության, էներգետիկայի եւ տնտեսության ոլորտներում։ Հայաստանում շարունակում է տեղակայված լինել ռուսական ռազմաբազան, ռուս սահմանապահները շարունակում են ծառայություն իրականացնել հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններին, իսկ ռուսական ընկերությունները վերահսկում են գազամատակարարման, երկաթուղու եւ մի շարք ռազմավարական ենթակառուցվածքների զգալի մասը։ Հետեւաբար, նույնիսկ Եվրոպայի հետ հարաբերությունների ակտիվ զարգացման պայմաններում Հայաստանի արագ եւ ամբողջական վերակողմնորոշումը ներկայումս գործնականում հնարավոր չէ։
Ապրիլին Եվրամիությունը կատարեց եւս մեկ կարեւոր քայլ՝ որոշում ընդունելով Հայաստանում ստեղծել նոր քաղաքացիական առաքելություն, որը նախատեսվում էր տեղակայել երկու տարի ժամկետով։ Նախատեսվում էր, որ այն կունենա 20–30 միջազգային փորձագետ եւ կգործի «Եվրամիության գործընկերության առաքելություն» անվանմամբ։ Առաքելության հիմնական նպատակն էր բարձրացնել Հայաստանի պետական կառույցների կարողությունները՝ հիբրիդային սպառնալիքների բացահայտման, տեղեկատվական մանիպուլյացիաների կանխման, կիբեռանվտանգության եւ ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ։
Նոր առաքելության անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթում առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում ոչ միայն խորհրդարանական ընտրություններին, այլեւ դրանց հաջորդող տեղական ինքնակառավարման ընտրություններին, ինչպես նաեւ հնարավոր սահմանադրական հանրաքվեին՝ դրանք դիտարկելով Հայաստանի ներքին կայունության եւ տարածաշրջանային անվտանգության կարեւորագույն փորձություն։ Միաժամանակ ընդգծվում էր, որ առաքելության նպատակն է նվազեցնել եւ չեզոքացնել Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները՝ միաժամանակ խուսափելով խաղաղության գործընթացի վրա բացասական ազդեցությունից եւ շարունակելով երկխոսությունը Ադրբեջանի հետ։
Այս ամբողջ գործընթացը ցույց է տալիս, որ այսօր Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն արդեն զգալիորեն գերազանցում են դասական քաղաքական գործընկերության սահմանները։ Դրանք աստիճանաբար վերածվում են բազմաշերտ ռազմավարական համագործակցության, որտեղ անվտանգային բաղադրիչը դառնում է առանցքային ուղղություններից մեկը։
Շարունակությունը՝ վաղվա համարում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.07.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: