ԱՄՆ Սենատում տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների օրինագծի առաջին ընթացակարգային քվեարկությունը։ Հանգուցյալ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմն այս փաստաթղթի ուղղությամբ աշխատում էր ավելի քան երկու տարի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Օրինագծին աջակցել է 86 սենատոր, 12-ը դեմ է եղել։ Ընթացակարգային քվեարկությունը ճանապարհ է բացում դեբատների և օրինագծի փոփոխությունների քննարկման համար: Քննարկումից հետո կկայանա վերջնական քվեարկությունը, որին կհաջորդի Ներկայացուցիչների պալատի քննարկումը, ապա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրումը։
Օրինագիծը պատժամիջոցներ է նախատեսում ռուս պաշտոնյաների, օլիգարխների և նրանց ընտանիքի անդամների, բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների, օտարերկրյա քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ, որոնք աջակցում են Ռուսաստանի ագրեսիային Ուկրաինայի դեմ, ինչպես նաև, այսպես կոչված, ստվերային նավատորմի նավերի նկատմամբ։
Բացի այդ՝ փաստաթուղթը ԱՄՆ նախագահին իրավունք է տալիս ներմուծման մաքսատուրքեր սահմանել (մինչև 100%) այն երկրների համար, որոնք գնում են ռուսական նավթի և գազի զգալի ծավալներ կամ օգնում են խուսափել պատժամիջոցներից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը գտնվում է Վաշինգտոնում և երեքշաբթի երեկոյան հանդիպել է սենատորների հետ, նույնպես մեկնաբանել է քվեարկությունը։
«Խորհրդանշական է, որ այսօր՝ սենատոր Լինդսի Գրեհեմի հրաժեշտի օրը, Սենատն ընթացակարգային քվեարկություն է անցկացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի վերաբերյալ, որի ուղղությամբ նա այդքան աշխատել է։ Ինձ համար պատիվ էր ներկա գտնվել քվեարկության արդյունքների հրապարակմանը. 86 սենատոր աջակցել է փաստաթղթին։ Սա Լինդսիի ծրագրերի իրականացման առաջին քայլն է և, անկասկած, խաղաղության ուղղությամբ քայլ։ Կարևոր է, որ այս գործիքն աշխատի»,- գրել է նա սոցիալական ցանցերում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի