Թորոսյանը պարզաբանել է ինչու են նպաստները պակաս վճարվել (PAN.am)

Անապահովության նպաստների վճարման ուշացումներ, որպես այդպիսին, չեն արձանագրվել, սակայն հուլիսի 1-ից Սյունիքի և Կոտայքի մարզերում փորձնական եղանակով ներդրվել է նոր համակարգ, հայտարարել է սոցիալական հարցերի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ-ում՝ պարզաբանելով, թե ինչու են նպաստները պակաս վճարվել:

Նա արձագանքել է այն դիտարկմանը, որ, ըստ ստացված ահազանգերի, անապահովության նպաստը նշանակվել է, սակայն որոշ քաղաքացիներ ամիսներ շարունակ այն չեն ստացել, ինչպես նաև հարցին, թե արդյոք գումարը փոխանցվելու է և ինչ ժամկետում, հայտնում է Auroranews.am-ը:

«Դա այլ տրամաբանություն ունի, նշանակվում է էլեկտրոնային համակարգով, ստուգվում են բազմաթիվ թվային բազաներ և միայն համապատասխանության դեպքում է նշանակվում։ Նշանակվելու դեպքում վճարվում են ժամանակին։ Եթե անհատական դեպքեր կան, որ չեն նշանակվել, ապա նրանք չեն համապատասխանել նոր կարգին։ Եթե դուք գիտեք մի դեպք, որ նպաստը նշանակվել է, բայց չի փոխանցվել, խնդրում եմինձ հայտնեք, ես դրանով կզբաղվեմ»,–ասել է նախարարը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ բազմաթիվ քաղաքացիներ երեխայի նպաստը ստացել են ոչ ամբողջական չափով, Թորոսյանը նշել է. «Այո, մենք մի խնդիր ունենք երեք խոշորացված համայնքների հետ՝ Գորիս, Ստեփանավան և Եղեգնաձոր։ Քանի որ մեր կարգավորումներով գյուղական համայնքներում կանայք ավելի մեծ նպաստ են ստանում, խոշորացման ժամանակ մեր բնակչության ռեգիստրում այդ գյուղ–քաղաք չափանիշը բնակավայրի փոխվել է և որոշ մեր քաղաքացիներ, մոտ 500 հոգի, ավելի պակաս չափով են ստացել նպաստը։ Մենք հիմա դա ուղղում ենք և մոտ օրերս կփոխանցենք պակաս մասը»։

Leave a comment