Գյումրին ավագանու նոր անդամներ ունի․ ովքեր են նրանք

Ինչպես հայտնի է՝ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը և քարտուղար Քնարիկ Հարությունյանը վայր դրեցին ավագանու անդամի մանդատները՝ գնալով խորհրդարան։

Նրանց փոխարեն թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մանդատներ է հանձնել ցուցակի հաջորդ համարներին։

Գյումրու ավագանու անդամներ են ընտրվել «ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական շտապբուժօգնության ծառայություն» ՓԲԸ Հյուսիսային տարածաշրջանի ղեկավար Կարեն Թորոսյանը, որը 22 տարվա կառավարչական փորձ ունի առողջապահական ոլորտում, և Գյումրու Վահան Թեքեյանի անվան վարժարանի տնօրենի պաշտոնակատար Նարինե Մկրտչյանը։

Նա ևս մեծ փորձ ունի․ 1995 թվականից զբաղվում է մանկավարժական գործունեությամբ, աշխատել է Գյումրու ֆրանսիական թեքում ունեցող թիվ 10 դպրոցում, այնուհետև՝ «Ֆոտոն» վարժարանում՝ որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի, համակարգել է դաստիարակչական աշխատանքները։

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմն արդեն իսկ ստացել է նրանց ավագանու անդամ ընտրվելու արձանագրությունները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր պաշտոնական կայքում ևս տեղադրել է նորընտիր ավագանու անդամների անունները։

Կարեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղադրելով ավագանու անդամի իր վկայականը ու գրելով․ «Ստացա Հայաստանի Հանրապետության ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից տրված համայնքի ավագանու անդամի վկայականը։

Շնորհակալ եմ վստահության համար։ Պատասխանատվությամբ և նվիրումով կաշխատեմ ի շահ մեր համայնքի»։

Որպես ավագանու անդամի թեկնածուներ՝ դեռ մեկ տարի առաջ նրանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրել են գույքի և եկամուտների մասին հայտարարագիր։

Նարինե Մկրտչյանը, ըստ իր ներկայացրած փաստաթղթի, մեկ բնակարան ունի Գյումրիում և 2011 թվականի արտադրության «Միթսուբիշի Աութլենդեր» (Mitsubishi Outlander) մակնիշի ավտոմեքենա։ Այն ճապոնական արտադրության հայտնի կոմպակտ քրոսովեր/ամենագնաց է։ Ավագանու նորընտիր անդամը թանկարժեք գույք, այլ եկամուտ՝ բացի աշխատավարձից, չունի։

Նա երկու դուստրերի մայր է։

Կարեն Թորոսյանը մի քանի անշարժ գույք ունի, սակայն շարժական գույք չունի։ Նա մեկ բնակարան ունի Գյումրու Անի թաղամասում, երեք բնակելի տուն, որոնցից երկուսը Գյումրիում են՝ նույն հասցեում, որոնց համասեփականատերն է, իսկ մյուսը՝ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում։ Նա 170 քառակուսի մետր հողատարածք ունի Գյումրու Խրիմյան Հայրիկ հասցեում։ Թանկարժեք գույք չունի։

Թե ով կլինի Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը Սարիկ Մինասյանի փոխարեն, պարզ կդառնա առաջիկայում։ Փորձեցինք կարծիք հարցնել Սարիկ Մինասյանից, թե ավագանու որ անդամին է տեսնում իրեն փոխարինող, սակայն նա անպատասխան թողեց մեր հեռախոսազանգը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment