Երևանի փողոցներում տեղադրվել են սրճեփով սարքեր

Բաժանորդագրվել

Սարքեր կան Երևանի 5-6 կետերում, ընդ որում սև «հայկական սուրճը» կազմում է ընդհանուր վաճառքի 50-60 %-ը։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Երևանյան ինժեներական թիմը ստեղծել է ներկառուցված սրճեփով ավտոմատ սարքի մոդել։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց «SimTech Systems» ընկերության հիմնադիր և տնօրեն Սերգեյ Սիմոնյանը, արդեն 5-6 նման սարք կա տեղադրված Երևանի փողոցներում։

Այս ավտոմատները միացված են մեկ տվյալների բազայի, որտեղ վարվում է սիրված ըմպելիքների վիճակագրություն. ջազվայով «Հայկական սուրճը» զբաղեցնում է կայուն առաջին տեղը՝ այն կազմում է ընդհանուր վաճառքի 50-60%-ը։

Մասնագիտությամբ ինժեներ Սերգեյը նախագիծը սկսել է երեք տարի առաջ՝ ինժեներ և ծրագրավորող ընկերների փոքր թիմի հետ միասին։ Երևանում սուրճի սարքեր կարելի է գտնել գրեթե ամեն անկյունում, բայց ոչ հայաստանյան արտադրության, իսկ արտասահմանից, Սերգեյի խոսքով, գնում են, որպես կանոն, իտալական կամ չինական օգտագործված մոդելներ՝ տնտեսելու նպատակով։

«Բայց ահա սրճեփով ավտոմատներ ես ոչ մի տեղ չեմ տեսել, ուստի որոշեցինք փորձել, և կարծում եմ՝ ստացվեց: Ի դեպ, սարքի մեջ իսկական ջեզվե է, պարզապես դրա դիզայնը ոչ թե տնային, այլ արդյունաբերական տարբերակն է», – ասում է Սերգեյը:

Թղթի վրա գաղափարը հետաքրքիր էր, սակայն առաջին երկու-երեք նախատիպերում ի հայտ էին գալիս թերություններ (դա նոր արտադրությունում անխուսափելի է)։ Ցանկալի արդյունքի հասնելու համար պահանջվեց երեք տարի ու բավական շատ միջոցներ, քանի որ հատկապես խոշոր տեխնիկան ծախսատար է, իսկ կողմնակի ֆինանսավորում Սիմոնյանը չէր ներգրավել։ Բայց հիմա հայկական սուրճը նորմալ պատրաստվում է, իսկ վճարումը կարելի է կատարել ինչպես կանխիկ, այնպես էլ քարտային տարբերակով:

«Հիմա չեմ ասի, թե զգալի եկամուտ ենք ստանում, բայց արդեն տեղաշարժ ունենք։ Ակնկալում ենք ընդլայնել արտադրությունը և դուրս գալ մարզեր, այդ ժամանակ մեզ նոր նաև մասնագետներ պետք կգան», – նշում է Սերգեյը։

Հավելենք, որ ընկերությունն իր սարքերի մոդելները ներկայացրել է օրերս Երևանում կայացած «Armenia Expo 2026» ցուցահանդեսում:

Leave a comment