Հայաստանը ժամանակի ընթացքում, ճիշտ աշխատանքի, ուժեղ կառավարության դեպքում, ավելի փոքրացնելու է այն տնտեսական տարբերությունը, որ ունենք Ադրբեջանի հետ. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նարեկ Կարապետյանն ուղիղ եթերում մասնավորապես ասել է.

«Քանի անգամ ենք մենք լսել, որ Հայաստանը շանս չունի, որ Ադրբեջանը նավթադոլարներով գերզարգացած երկիր է դառնալու, տարածաշրջանի ամենաուժեղ երկիրն է լինելու:

Մենք հավատում ենք հակառակին, որ Հայաստանը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն, ճիշտ աշխատանքի դեպքում, ուժեղ կառավարության դեպքում, ավելի փոքրացնելու է այն տնտեսական տարբերությունը, որ ունենք Ադրբեջանի հետ:

Ինչպե՞ս, դուք կհարցնեք, պատասխանեմ այսպես: Ադրբեջանի ընդհանուր արտահանման 90%-ը նավթն ու գազն է, բյուջեի կեսի կեսը նավթն ու գազն է բերում։ Իսկ գիտե՞ք, թե ինչքան նավթ է արդյունահանում Ադրբեջանը: Օրական կես միլիոն բարել… 30% անկում է ապրել Ադրբեջանի նավթի արդյունահանումը յոթ տարվա ընթացքում:

Ի՞նչ է կատարվում աշխարհում նույն ժամանակաշրջանում: Աշխարհում այսօր սպառվում է 106 միլիոն բարել նավթ… Ամեն տարի էլ աճում էր սպառումը մինչև վերջերս։ Վեց տարի հետո, էլեկտրական տրանսպորտի մասայականացման արդյունքում, 108-109 միլիոն բարելից հետո նավթի արդյունահանումը սկսելու է կայունանալ և անկում ապրել:

Դա նշանակում է, որ նոր նավթային երկրները սկսելու են գներ գցել: Դա նշանակում է, որ էժանանալու է նավթի գինը, որից էլ կախված է ինչ-որ չափով նաև գազի գինը:

Իսկ ի՞նչ է անելու այդ ժամանակ Ադրբեջանի կառավարությունը, որը ամբողջությամբ կախված է նավթից ու գազից, որը չի ստեղծել նոր արդյունաբերական հիմնարկներ, չի զբաղվում իր արդյունաբերական զարգացմամբ, չի ստեղծել ինքլյուզիվ տնտեսություն. կարող եմ ասել՝ սկսելու է հետ ընկնել մեզնից»։

Մանրամասն՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment