Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Lexus»-ի վարորդը Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու

Երևանում այսօր մահվան ելքով վրաերթ  է տեղի ունեցել


ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 10:40-ի սահմաններում, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, Իսակովի պողոտայում՝ «Երեքնուկ» կամրջի վրա, «Lexus» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնի։


21-ամյա վարորդ Ա. Խ.-ն փախուստի չի դիմել և ահազանգել է շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է Կոտայքի մարզի բնակիչ 62-ամյա Ս. Ի.-ի մահը։


Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ։


Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները և սահմանազատել տարածքը։


ՀՀ ՔԿ-ի Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։



Կարդացեք նաև. Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր չկան, ջրում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ


Leave a comment