«Ազատության և ինքնորոշման ձգտող ժողովուրդների ներկայացուցիչները չեն կարող համարվել ահաբեկիչներ, և դա փոխնախագահ Վենսը շատ լավ պետք է իմանա»

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Այս մարդիկ գտնվում են Բաքվի բանտերում՝ մի շատ պարզ ու անօտարելի իրավունքի իրացման համար․ դա Արցախի ժողովրդի ինքնորոշման և ազատության իրավունքն է։ Ազատության և ինքնորոշման ձգտող ժողովուրդների ներկայացուցիչները չեն կարող համարվել ահաբեկիչներ, և դա փոխնախագահ Վենսը շատ լավ պետք է իմանա, որովհետև դա չենք ասում մենք, դա ասում է միջազգային իրավունքը։

Հետևաբար, նրանց չի կարելի ենթարկել կեղծ դատավարությունների՝ իբր ահաբեկիչներ լինելու մեղադրանքով։ Մեր խնդրանքը միջազգային հանրությանը և այս պարագայում ԱՄՆ-ին՝ որպես Հայաստան–Ադրբեջան բանակցություններում կարևոր դերակատար, այն է, որ չի կարող լինել խաղաղություն, երբ վերքերը բուժված չեն։ Չի կարող լինել խաղաղություն՝ առանց հումանիզմի, առանց հումանիտար հարցերի կարգավորման»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Գեղամ Ստեփանյանը հավելեց, որ այսօրվա ցույցին մասնակցում են նաև անհայտ կորածների հարազատները։ «Սա ևս կարևոր հումանիտար հարց է և պետք է ներառված լինի խաղաղության հաստատման բանակցությունների օրակարգում»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը։

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ ասաց, որ եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա գերիներ չեն կարող լինել Բաքվի բանտերում։ «Եթե խոսում ենք վստահության մասին, ապա չենք կարող ականատես լինել կեղծ դատավարությունների։ Եվ ի վերջո, եթե խոսում ենք միջնորդության մասին, ապա չի կարող լինել այսպիսի լռություն, ինչպիսին այսօր է։

Այս հրապարակից մեր ուղերձը պարզ և հստակ է․ միջնորդությունը պարտավորություն է, ոչ թե դիտորդական դեր։ ԱՄՆ-ն ունի ոչ միայն ազդեցություն, այլ նաև այս պահին ունի պատասխանատվություն՝ պահանջելու գերիների արագ, անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Մենք չենք խնդրում բացառիկ վերաբերմունք, մենք պահանջում ենք նվազագույնը, որը միջազգային իրավունքն արդեն պարտադրում է։ ԱՄՆ փոխնախագահը պետք է լսի մեր ժողովրդի ձայնը, և մենք ուզում ենք, որ այդ ձայնը նրա միջոցով առանց աղավաղման հասնի Բաքու»,- հայտարարեց Մետաքսե Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա տեղեկացրեց նաև, որ բողոքի ցույցի մասնակիցները նամակ են պատրաստել՝ ուղղված ԱՄՆ փոխնախագահ Վենսին, որը հրապարակում ընթերցվել է։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment