Երևանում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նա փոխանցել է Թրամփի ողջույններն ու ուղերձները։
Ջեյմս Դի Վենսը երկօրյա այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին։ Երևանում պաշտոնական հանդիպումների ընթացքում նա փոխանցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ողջույնները և անդրադարձել տարածաշրջանային խաղաղության ու տնտեսական զարգացման հեռանկարներին։
«Շատ շնորհակալ եմ անձնական հյուրընկալության համար՝ ոչ միայն իմ, այլև ընտանիքիս անունից։ Սա աշխարհի հնագույն քրիստոնյա ազգերից մեկն է։ Շնորհակալ եմ Ձեզ և Ձեր վարչակազմին։ Դուք հնարավորություն ունեք ոչ միայն պատմական կայուն խաղաղություն հաստատել, այլև Հայաստանը դարձնել տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ, ինչը բարգավաճում կբերի հայ ժողովրդին»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։ Այս մասին հաղորդում է «Ֆակտորը»։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ առաջին փոխնախագահն է, որը այցելում է Հայաստան։
Այցին ընդառաջ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հայտնել է, որ ԱՄՆ փոխնախագահի այցի ընթացքում սպասվում են զարգացումներ, որոնք նպատակ ունեն էլ ավելի խորացնել Վաշինգտոնի հետ հարաբերությունները։ Ըստ փոխնախարարի՝ այցը թույլ կտա բացահայտել համագործակցության նոր ոլորտներ։
Ջեյ Դի Վենսի այցին զուգահեռ նախագահական նստավայրի դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Մասնակիցները բարձրաձայնել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդիրը՝ պահանջելով քայլեր ձեռնարկել նրանց անհապաղ ազատ արձակման ուղղությամբ։
ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան կշարունակվի մինչև փետրվարի 10-ը։
The post Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. Ջեյ Դի Վենս appeared first on CIVILNET.