ՀԱՊԿ-ում Հայաստանի հետագա մասնակցության հարցը թողել են Երևանին (PAN.am)

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ կազմակերպության աշխատանքներին հետագա մասնակցության վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Հայաստանը:

«ՀԱՊԿ-ում Երևանի ներկայիս կարգավիճակը նորմալ չեն համարում, քանի որ երկիրը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին»,- ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ «որոշումը մնում է հայկական կողմի հայեցողությանը»:

«Պարտքի մարումից հետո ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը, ներառյալ աշխատակիցների գործուղումը, կարող է վերականգնվել»,-ասել է Մասադիկովը:

Գլխավոր քարտուղարը շեշտել է, որ «կազմակերպությունը գործում է կանոնադրությանը խստորեն համապատասխան և մտադիր չէ արհեստականորեն սրել իրավիճակը, սակայն չի կարող անտեսել անդամներից մեկի չմասնակցությունը համատեղ աշխատանքներին»։

Նոյեմբերին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդն ընդունել է «Հայաստանի Հանրապետության նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման մասին» որոշումը։

Կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է «կազմակերպության շրջանակում քվոտային պաշտոններում քաղաքացիների թեկնածություններ առաջադրելու իրավունքի կասեցման, ինչպես նաև ձայնի իրավունքից զրկելու մասին» որոշման ընդունում՝ «երկու տարվա ընթացքում կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքի մարման պարտավորությունները» չկատարելու դեպքում։

Հայաստանը վերջին երեք տարիներին անդամավճարներ չի վճարել։ Սակայն, կազմակերպության կանոնադրության համաձայն, կուտակված պարտքն ամբողջությամբ մարելու դեպքում հայկական կողմը հնարավորություն կունենա վերականգնելու ՀԱՊԿ-ում իր իրավունքները։

Leave a comment