ԻԻՀ բանակի ՌԾՈւ․ իրանցի կոմանդոսները հետ են բերել 2 լցանավ՝ ամերիկացի զինվորականներին քնած ժամանակ անակնկալի բերելով
Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Շահրամ Իրանին հայտարարել է, որ իրանցի զինվորականները վերականգնել են ամերիկյան ուժերի կողմից գրավված երկու լցանավի նկատմամբ վերահսկողությունը և մտադիր են Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի հրամանով փակ պահել Հորմուզի նեղուցը։ Այս մասին նա հայտնել է Թեհրանում ուրբաթօրյա աղոթքից առաջ ունեցած ելույթում, հաղորդում է Mehr-ը։
Իրանիի խոսքով՝ պատերազմի առաջին օրը իրանցի զինվորականները հրթիռ են արձակել ամերիկյան USS Abraham Lincoln ավիակրի ուղղությամբ։ Նա պնդում է, որ հրթիռը հասել է թիրախին և խոցել նավը։ Ներկայացված հաղորդագրության մեջ այս հայտարարության անկախ հաստատում չկա։
Հրամանատարը նաև պատմել է հատուկ գործողության մասին, որի ընթացքում իրանցի զինծառայողները հետ են վերադարձրել երկու լցանավ՝ դրանց վրա գտնվող սարքավորումների հետ միասին։ Նրա վարկածով՝ գործողությունն իրականացվել է վերջերս տեղի ունեցած 40-օրյա պատերազմի ընթացքում, որն իրանական կողմն անվանում է Ռամադանի պատերազմ։ Իրանին հայտարարել է, որ նավերի վրա գտնվող ամերիկացի զինծառայողները քնած ժամանակ անակնկալի են բերվել։
Բացի այդ, իրանցի ծովակալը ԱՄՆ-ին մեղադրել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու և անցումն ապահովելու համար նավատերերից միլիոնավոր դոլարներ գանձելու փորձերի մեջ։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը պատասխանատվություն չէր ստանձնում և չէր վերադարձնում գումարները, երբ նավերը հարձակման էին ենթարկվում։
Իրանին հայտարարել է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում գործի է դրել օդաչուավոր և անօդաչու ավիացիա, ինչպես նաև ռազմածովային ուժեր՝ փորձելով ապահովել նեղուցով թեկուզ մեկ նավի անցումը։ Նա այդ գործողություններն անվանել է միջազգային նորմերի և ծովային նավագնացության սկզբունքների խախտում։
«Այս բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն։ Հրամանն այն է, որ Հորմուզի նեղուցը փակ մնա», — հայտարարել է հրամանատարը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ Իրանն ի վերջո կհասնի հակառակորդի լիակատար դուրսբերմանը ոչ միայն Պարսից ծոցից, այլև ամբողջ Արևմտյան Ասիայից։