Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստային տարածքների շուրջ 10%-ին

Շաբաթվա ընթացքում ուկրաինական զինվորականներն ԱԹՍ-ներով հարվածել են Wildberries-ի պահեստներին, որոնք, ընդհանուր առմամբ, զբաղեցնում են 552,000 քառակուսի մետր տարածք, ինչը կազմում է մարկետփլեյսի լոգիստիկ հզորության շուրջ 10%-ը։ Նման հաշվարկ է կատարել Կոմերսանտը բաց տվյալների հիման վրա, գրում է Meduza-ն։

Այս գնահատականը ներառում է Էլեկտրոստալի (Մոսկվայի մարզ), Կոտովսկի (Տամբովի մարզ), Նևինոմիսկի (Ստավրոպոլի երկրամաս) և Կրասնոդարի պահեստներին հարվածները։ Լրատվամիջոցի կողմից հարցված փորձագետները Wildberries-ի վնասված գույքի արժեքը գնահատում են 60 միլիարդ ռուբլի։

Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո անօգտագործելի է դարձել 444,000 քառակուսի մետր պահեստային տարածք կամ շուկայի ընդհանուր լոգիստիկ հզորության մոտավորապես 8%-ը: Լրատվականի տվյալներով՝ Կոտովսկի պահեստային համալիրը շարունակում է գործել։

Անշարժ գույքի աղբյուրը նույն պահեստային տարածքի կառուցումը, բացառությամբ սարքավորումների, գնահատում է 35,5 միլիարդ ռուբլի։ Մասնագետները նաև նշում են, որ վնասված պահեստները վերականգնելը, հավանաբար, ավելի արագ կլինի, քան նմանատիպ օբյեկտներ զրոյից կառուցելը։

Աղբյուրները նաև շեշտել են, որ ուկրաինական անօդաչուները հարվածել են Wildberries-ի՝ լոգիստիկայի համար կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ Կրասնոդարի լոգիստիկ կենտրոնին, որը  մարկետփլեյսի  հարավային Ռուսաստանի մատակարարման հիմնական հանգույցն է: Նրանք չեն բացառում հնարավորությունը, որ ստեղծված իրավիճակում Wildberries-ը սեփական պահեստներից առաքումից անցնի վաճառողի պահեստներից առաքման։ Նրանք նաև կարծում են, որ շուկան կարող է վերաբաշխել ապրանքային հոսքերը այլ տարածաշրջանների պահեստներ և վարձակալել պահեստներ։

Անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինան երկու անգամ հարձակվել է Wildberries-ի պահեստների վրա։ Հուլիսի 18-ին անօդաչու սարքերը հարվածել են Տամբովի մարզի Կոտովսկի և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալի լոգիստիկ կենտրոններին։ Հուլիսի 22-ին հարձակման են ենթարկվել Կրասնոդարի և Նևինոմիսկի Wildberries-ի պահեստները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment