Սև ծովում հարձակման է ենթարկվել ՌԴ-ից դուրս եկած թուրքական բեռնանավը, զոհ կա

Բաժանորդագրվել

Թուրքական դրոշի ներքո ընթացող նավը դուրս էր եկել Ռուսաստանի Տաման նավահանգստից և ուղևորվում էր դեպի Տրապիզոն։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ռուսաստանից Թուրքիա ընթացող ածուխով բեռնված թուրքական Mv Reyhan Sarı նավը Սև ծովում անօդաչուի հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Sabah թերթը։

«Թուրքական նավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով զոհվել է անձնակազմի մեկ անդամ, ևս երեք նավաստի վիրավորվել է», – հաղորդում է թերթը։

Թերթի տվյալներով՝ Ստամբուլի նավահանգստում գրանցված թուրքական դրոշի ներքո ընթացող ու ածուխով բեռնված նավը դուրս էր եկել Ռուսաստանի Տաման նավահանգստից և ուղևորվում էր Տրապիզոն։ Նշում է, որ անօդաչուն հարձակվել է նավի վրա Նովոռոսիյսկի մոտ։ Մեկ այլ հաղորդագրության համաձայն` միջադեպը տեղի է ունեցել Սև ծովի միջազգային ջրերում՝ Սամսունի ափերի մոտ, գրում է թերթը։

Հաղորդվում է, որ մահացածը մեքենաների բաժանմունքի աշխատակից էր։ Անձնակազմի երեք վիրավոր անդամները առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են մոտակա բուժհաստատություններ։

Թերթի տվյալներով՝ նավը վնասվել է, սակայն կարողացել է շարունակել ընթացքը։ Միջադեպից հետո նավի վրա ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, սկսվել են որոնողա-փրկարարական գործողությունները և տեխնիկական զննումը։

Leave a comment