Մեղրիի նախկին քաղաքապետ, ներկայումս ավագանու անդամ Բագրատ Զաքարյանը մեկ շաբաթ առաջ հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ խնդրելով ստուգել, թե ինչ ճանապարհով են ձեռք բերվել Մեղրիի հրապարակի արձանները և ինչ կարգով են իրականացվել հրապարակի բարեկարգման աշխատանքները։ Այս մասին Aravot.am-ին հայտնեց Զաքարյանը։
Ըստ նրա՝ նախքան Հակակոռուպցիոն կոմիտե դիմելը համայնքի ՔՊ-ական ղեկավար Խաչատուր Անդրեասյանից պահանջել է ներկայացնել գնումների և ծախսերի վերաբերյալ մանրամասներ, սակայն համայնքապետն այդպես էլ որևէ պարզաբանում չի ներկայացրել։
Զաքարյանը պնդում է.
«Արձաններ չեն, խայտառակություն է, պլաստմասից չգիտեմ ինչ են։ Ավագանին դեմ է եղել, այդ մասով որոշում չի եղել։ Երկու ամսից համայնքային ընտրություններ են, ով էլ ընտրվի, նրա առաջին գործը պետք է լինի այդ արձանների ապամոնտաժումը։ Խայտառակություն է, որը մեղրեցուն բնորոշ չէ։ Առանց էսքիզի, առանց օրենքով նախատեսված փաստաթղթերի, որոնք պետք է նախապես մշակվեին, հանրային լսումներ կազմակերպվեին, ոչինչ չի արվել։ Ասում է՝ ես եմ ուզում, լավ եմ անում, այդ տարբերակով էլ արձանները տեղադրվել են»։
Զաքարյանը Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրությունը հրավիրել է ոչ միայն Մեղրիի բարեկարգման աշխատանքների անվան տակ, իր խոսքով, համայնքի բյուջեն մսխելու փաստի վրա, այլև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ համայնքին գումարներ փոխանցելու պարտավորության հարցի վրա։
«Ունենք ավագանու որոշում, որտեղ հստակ նշվում է, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը պետք է գումար տրամադրի վարձակալության իրավունքի դիմաց՝ իր հանքարդյունաբերական տարածքի համար։ Իմ կառավարման ժամանակ մեկուկես տարի այդ աշխատանքներն իրականացվել են, ավագանին հաստատել է գումարի չափը։ Նույնիսկ այդ գումարի չափին մեր կուսակցությունը դեմ է եղել, որովհետև մտածել ենք, որ այն կողմնակալ է սահմանվել, քանի որ մյուս բոլոր հանքարդյունաբերողների համար նախատեսված չափից ուղիղ երկու անգամ քիչ է եղել։ Այդ մասով էլ եմ դիմել Հակակոռուպցիոն կոմիտե, որ զբաղվեն այդ հարցով։ Որովհետև մինչև այսօր այդ պայմանագիրը չեն կնքել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, որով պետք է կոմբինատը Մեղրիի համայնքապետարանի բյուջե փոխանցեր վարձակալության գումարը»,- ասաց Զաքարյանը։
Բագրատ Զաքարյանը պատմեց, որ համայնքի ղեկավար եղած տարիներին ցանկացել է Մեղրիի հրապարակում տեղադրել Գարեգին Նժդեհի արձանը։
Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչու այդպես էլ արձանը չտեղադրվեց հրապարակում, և արդյոք իրականությանը համապատասխանում են ներկայիս համայնքապետի պնդումները, թե համապատասխան գերատեսչությունը թույլ չի տվել տեղադրել Նժդեհի արձանը։
Ի պատասխան՝ Զաքարյանն ասաց, որ. «Օրենքով սահմանված կարգով ավագանու նիստ ենք ունեցել, ավագանու որոշումն էլ կա դրա մասին։ Նույնիսկ մինչև հիմա էսքիզն ունեմ, թե որտեղ և ինչ ձևով պետք է տեղադրվեր արձանը։ Արձանների տեղադրման վերաբերյալ կառավարության համապատասխան որոշումներ կան, որտեղ հստակ նշվում է, որ ավագանու որոշումից հետո համայնքի ղեկավարը պետք է ավագանու որոշումը, էսքիզը և մյուս փաստաթղթերը ներկայացնի համապատասխան գերատեսչություններին, ստանա թույլտվություն, նոր միայն պատվիրի և տեղադրի արձանը»։
Զաքարյանն ասաց, որ Նժդեհի արձանի թույլտվության վերաբերյալ գրավոր պատասխան ինքը չի ստացել համապատասխան գերատեսչությունից։
«Պատասխանը չստացա։ Դրանից հետո իմ և ներկայիս համայնքապետի պայմանավորվածությամբ մենք տեղերով փոխվեցինք․ ես դարձա առաջին տեղակալ, ինքը՝ համայնքի ղեկավար։ Եթե կառավարությունից ինքը գրություն ստացել է, արդեն ինքը պետք է պատասխանի»,- ասաց Զաքարյանը։
Նշենք, որ Մեղրիի համայնքապետը լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ Բագրատ Զաքարյանի պաշտոնավարման օրոք է սկսվել Նժդեհի արձանը տեղադրելու գործընթացը, սակայն համապատասխան մարմինները թույլ չեն տվել այն տեղադրել։
«Ո՞ւմ թույլ չեն տվել՝ ի՞նձ, թե՞ իրեն։ Եթե թույլ չեն տվել, թող ասի՝ ով է զանգել, որ թույլ չեն տվել։ Գրավոր պատասխան եղե՞լ է, թույլ տվե՞լ են, թե՞ չեն տվել»,- արձագանքեց Զաքարյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: