Հուլիսի 20-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ։
Այցի շրջանակում Պաշտպանը հանդիպում է ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև բնակիչների սոցիալական իրավունքների ապահովման և առկա հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունները։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ համայնքներում առկա խնդիրների արդյունավետ լուծումը հնարավոր է միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այլ դերակատարների սերտ ու հետևողական համագործակցության պայմաններում։
«Համայնքներում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը պահանջում է ոչ միայն առկա խնդիրների արձանագրում, այլև դրանց լուծման ուղղությամբ համակարգված և շարունակական աշխատանք։ Աշխատանքային այցերը հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու բնակիչներին հուզող հարցերին, գնահատելու առկա մարտահրավերները և համատեղ ջանքերով մշակելու այնպիսի լուծումներ, որոնք կծառայեն յուրաքանչյուր մարդու իրավունքների լիարժեք իրացմանը»,– նշել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանը կարևորել է նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այլ դերակատարների միջև փոխգործակցության շարունակական ամրապնդումը՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի ձևավորման համար անհրաժեշտ է հետևողականորեն կատարելագործել այն մեխանիզմներն ու ծառայությունները, որոնք անմիջական ազդեցություն ունեն քաղաքացիների իրավունքների իրացման վրա։
Պաշտպանը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ նպաստելու համայնքներում բարձրացված խնդիրներին հասցեական արձագանքմանը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ լուծումների մշակմանը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: