Ուկրաինայի տարածքը կարող է փոխվել․ Թրամփը նաև խոսել է չբացահայտված թռչող օբյեկտներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ խաղաղության համաձայնագրից հետո Ուկրաինայի տարածքը կարող է փոխվել։

«Կարծում եմ՝ մենք կհասնենք դրան։ Կարծում եմ՝ դա տեղի կունենա, և ի վերջո, Ուկրաինան մի փոքր այլ տեսք կունենա»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում։

ԱՄՆ նախագահը նաև վստահություն հայտնել է, որ համաձայնագիրը մոտ է, և հիմնական խոչընդոտ նշել է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև առկա փոխադարձ թշնամանքը։ «Ես հավատում եմ, որ այս ռազմական հակամարտությունը կավարտվի, և կավարտվի շուտով։ Եվ այն կավարտվի միայն իմ շնորհիվ»,- ասել է նա։

Հարցին, թե ում է նա ավելի շատ վստահում՝ Պուտինի՞ն, թե՞ Զելենսկիին, Թրամփը խուսափել է ընտրությունից՝ նշելով, որ լավ հարաբերություններ ունի երկուսի հետ էլ։

Դոնալդ Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ օդաչուները հայտնել են, որ տեսել են չբացահայտված թռչող օբյեկտներ (ՉԹՕ), որոնք գերազանցել են F-22 կործանիչների արագությունը։ Ռոս Դաութաթի հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահը պատմել է, որ ամերիկացի ռազմական օդաչուները զեկուցել են կլորավուն, չբացահայտված օբյեկտներ տեսնելու մասին, որոնք անցել են իրենց F-22 կործանիչների կողքով՝ ինքնաթիռների արագությունից երեք անգամ ավելի մեծ արագությամբ։

Ըստ Թրամփի՝ օդաչուները այդ մասին պատմել են Օվալաձև աշխատասենյակում հանդիպումների ժամանակ՝ թե՛ նրա նախագահության առաջին, թե՛ երկրորդ ժամկետի ընթացքում։ Նա նկարագրել է այդ անձանց որպես լուրջ, վստահելի մարդկանց, ովքեր հակված չեն հավատալու դավադրության տեսություններին։

Նախագահն ընդգծել է, որ թերահավատորեն է վերաբերվում ՉԹՕ-ների թեմային՝ նշելով, որ նման դեպքերից մեկի առնչությամբ ենթադրել է, թե դա կարող էր գիսաստղ լինել։ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան «մեծ անհարգալից վերաբերմունք» է ցուցաբերել Ռուսաստանի նկատմամբ Զելենսկիի և Պուտինի առաջին հանդիպման ժամանակ։

Leave a comment