Հայկական կողմի համար պայմաններն աննախադեպ բարենպաստ են. Սերգեյ Կոպիրկինը՝ երկաթուղու կոնցեսիայի մասին

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հանրային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիոն պայմանագրի պայմանները հայկական կողմի համար բացառապես բարենպաստ են։

Դիվանագետն ընդգծել է, որ մեծ տպավորություն է ստացել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի ներկայացրած կոնցեսիոն աշխատանքի վերլուծությունից, որը ներառում է արդյունավետության ցուցանիշների համեմատությունը տարածաշրջանի և այլ երկրների երկաթուղիների հետ։

«Բուն կոնցեսիոն պայմանագիրը կազմված է հայկական կողմի համար բացառապես բարենպաստ, հնարավոր է՝ նույնիսկ աննախադեպ բարենպաստ պայմաններով»,- նշել է Կոպիրկինը։

Անդրադառնալով երկկողմ հետագա քայլերին՝ դեսպանը հիշեցրել է, որ հարցի շուրջ արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Վերջինս եռամսյա ժամկետում պետք է պատասխաններ գտնի հայկական կողմին հուզող խնդիրներին՝ հաշվի առնելով տարածաշրջանային տրանսպորտային ու լոգիստիկ գործընթացների արդի դինամիկան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment