Խնդրել էին մեղադրյալին հնարավորություն տալ առաջիկա զորակոչին մեկնելու ժամկետային զինվորական ծառայության

ՍԴ-ն մերժեց Վերաքննիչ քրեական դատարանին

2026 թ. հունիսի 22-ին Սահմանադրական դատարան էր դիմել Վերաքննիչ քրեական դատարանը: Դիմողն իր 2026 թ. հունիսի 19-ի որոշմամբ որոշել է ՍԴ դիմել. «Թիվ ԵԴ/0133/01/23 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2025 թ. օգոստոսի 19-ի դատավճռի դեմ մեղադրյալ Ռուբեն Զալինյանի, վերջինիս պաշտպան Հենրիկ Մաղաքյանի և ՀՀ դատախազության Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Է. Զոհրաբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների հիման վրա թիվ ԵԴ/0133/01/23 քրեական գործով դատալսումները հետաձգել և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան` խնդրելով 2 դիմումն ընդունել Սահմանադրական դատարանի վարույթ և որոշել ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 28-րդ, 29-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածների պահանջներին»:

Տեղեկացնեմ, ըստ քրեական գործի, Ռուբեն Զալինյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ենթակա է եղել 2021թ. ձմեռային զորակոչին, ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով, սակայն հրաժարվել է զորակոչման ծանուցագիր ստանալ և խախտելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը՝ խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական՝ 2021թ. ձմեռային զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում: 2025թ. օգոստոսի 19-ին նա դատապարտվել էր ազատազրկման 1 տարի ժամկետով։ Հանրային մեղադրողը բողոք է բերել, պահանջելով բեկանել  դատավճիռը,  ազատազրկել տղային 2 տարի ժամկետով։

Դիմող դատարանը՝ դատավորներ Մակար Կիրակոսյան,  Լուսինե Ալավերդյան, Սևակ Համբարձումյան կազմով,  արձանագրում է, որ Ռ. Զալինյանին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, ինչը համապատասխանում է 05.05.2021 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասին: Մեղադրյալը և նրա պաշտպանը վերաքննիչ բողոքով խնդրել են մեղադրյալին հնարավորություն տալ առաջիկա զորակոչին մեկնելու ժամկետային զինվորական ծառայության և այդ հիմքով ազատել քրեական պատասխանատվությունից ու կարճել վարույթը։

Դիմողը պնդում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը զորակոչը կապում է տարիքային շեմերի, առողջական պիտանիության, ծառայությունից ազատման կամ տարկետման հիմքերի և այլ իրավական նախադրյալների հետ, հետևաբար՝ անձը, անգամ կամովին ներկայանալով և ծառայելու պատրաստակամություն հայտնելով, չի կարող լիարժեք կանխատեսել՝ արդյո՞ք իր նկատմամբ կկիրառվի քրեական պատասխանատվությունից ազատման նորմը, թե՝ ոչ, քանի որ դրա վերջնական իրավական արդյունքը պայմանավորված է նաև իրենից անկախ հանգամանքներով։ Ըստ ՍԴ դիմողի. «Սույն նորմը նույն կամավոր վարքագիծ դրսևորած անձանց՝ օրինակ, ծառայելու նպատակով՝ կամովին ներկայացած անձանց, դնում է տարբեր իրավական վիճակի մեջ՝ կախված այն հանգամանքից, թե արդյոք նրանք փաստացի կզորակոչվեն: Մինչդեռ այդ հարցը կարող է որոշվել ոչ թե նրանց վարքագծով, այլ տարիքով, առողջական վիճակով, այլընտրանքային ծառայության վարչական որոշմամբ կամ ազատման ու տարկետման այլ հիմքերով։ Արդյունքում նույն արարքը կատարած և հետագայում նույն կերպ իրավաչափ վարքագիծ դրսևորած երկու անձանցից մեկը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ մյուսը՝ ոչ, միայն այն պատճառով, որ երկրորդն այլևս չի կարող զորակոչվել իրենից անկախ պատճառներով։ Նման կառուցվածքը, առնվազն, ստեղծում է անհավասար իրավակիրառման ռիսկ և հիմնավոր կասկած հարուցում, որ վիճարկվող 4 ենթակարգավորումը կարող է հանգեցնել տարիքով կամ առողջական վիճակով պայմանավորված ոչ բավարար չափով արդարացված տարբերակման»։

Սահմանադրական դատարանը մերժեց երկրորդ դատական ատյանի դիմումը, գտնելով, որ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Երեկվա դրությամբ այս տարվա հունվարից քրեական վերաքննիչ դատարանում կայացել է չորս նիստ, Զալինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը բացակայելու արգելքն է։ Փաստաբանը բազմաթիվ բժշկական փաստաթղթեր, բժշկական հանձնաժողովի  եզրակացություններ է ներկայացրել դատարան, հիմնվելով, որ իր պաշտպանյալի մոտ առկա են առողջական խնդիրներ, հիվանդություններ։ Զալինյանը հրաժարվել էր ցուցմունք տալ։

«Առավոտ» օրաթերթ
17.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment