Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանին ներկայացրին, որ 15 662 ավտոտնակների եւ օժանդակ այլ շինությունների համար կնքված հողի վարձակալության 13 199 պայմանագրերի 84 տոկոսը հաշվարկվում է նոր կադաստրային արժեքով, իսկ մնացած 2463 պայմանագրերի 16 տոկոսը ծանուցված, սակայն չպահանջված նշումով վերադարձված ծանուցումներով պայմանագրերն են, 802-ը խնդրահարույց են, իսկ 398 պայմանագրեր գտնվում են ծանուցման կամ ճշգրտման գործընթացում:
Անդրադառնալով ավտոտնակների կարգավիճակին՝ Տիգրան Ավինյանը նշեց. «Մենք պարբերաբար ստանում ենք ավտոտնակների, մետաղյա ավտոտնակների կամ որեւէ տեսակի ավտոտնակների տակի հողի օրինականացման հայտեր՝ ինքնակամ շինությունների որոշման համաձայն, եւ ստիպված ենք լինում մերժել այդ հայտերը, քանի որ դրանք մեծամասամբ գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա… Մեր գլխավոր հատակագծով հիմնականում բոլոր վերգետնյա ավտոտնակները գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա։
Եվ ընդհանուր օգտագործման հողերի վրա մենք ուղղակի հնարավորություն չունենք ինքնակամ շինություններ օրինականացնելու։ Երբ ստանում ենք ինքնակամ շինություններն օրինականացնելու հայտերը եւ ստպված մերժում ենք, մենք նաեւ կառավարության համապատասխան որոշման համաձայն պարտավոր ենք քանդել դրանք, այստեղ երկընտրանք չունենք:
Դրա փոխարեն, ես առաջարկում եմ, հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ երեւանցիներ, կնքել հողի վարձակալության պայմանագրեր։ Այսինքն, բոլոր ավտոտնակները չեն, որ քանդման ենթակա են։ Եթե դուք կնքեք վարչական շրջանի հետ հողի վարձակալության պայմանագիր ձեր գործող ավտոտնակի համար, դուք այդ ավտոտնակը կկարողանաք շահագործել այս տրամաբանությամբ…»:
Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: