Երկրակեղևում տեղի ունեցող ամենաթույլ ցնցումներն անգամ այստեղ ուշադրությունից չեն վրիպում։ Արդեն 35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում՝ հանրությանը տրամադրելով սեյսմիկ իրադարձությունների վերաբերյալ օպերատիվ և հավաստի տեղեկատվություն։
«Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հիմնադրվել է 1991 թվականի հուլիսի 17-ին՝ Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո, երբ պարզ դարձավ, որ չկա որևէ գերատեսչություն, որը կիրականացներ գործողություններ սեյսմիկ պաշտպանության ոլորտում, կհամակարգեր տարբեր գերատեսչությունների աշխատանքը»,- նշում է ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը։
«Նախկինում եղել է Կառավարությանն առընթեր ազգային ծառայություն։ 90-ական թվականների համեմատությամբ՝ հիմա տեխնիկապես շատ առաջ ենք։ Մենք Հայաստանում ստեղծեցինք առաջին թվային կայանների լոկալ ցանցերը, որոնք առաջինն էին նաև Կովկասում»,- ներկայացնում է սեյսմիկ վտանգի գնահատման վարչության փորձագետ Ավետիս Առաքելյանը, ով ծառայությունում է 1992 թվականից։
Սեյսմիկ վտանգի գնահատման վարչության փորձագետ Վալերի Խոնդկարյանի խոսքով՝ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը ստեղծվել է ամուր հիմքի վրա․ «Մենք եղել ենք տարածաշրջանի լիդերներից»,- նշում է նա։
Ծառայության պատմությունը նաև մարդկանց՝ նրանց մասնագիտական նվիրումի ու պատասխանատվության մասին է։ Մասնագետներ, որոնք ծառայությունում են ձևավորման սկզբից և այսօր իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցում նոր սերնդին։
«Ծառայության աշխատակիցները նվիրյալներ են, հավատարմորեն կատարում են իրենց աշխատանքը»,- նշում է բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սյուզաննա Կակոյանը։
«Աշխատել ծառայությունում՝ նշանակում է լինել շուրջօրյա աշխատանքի մեջ՝ անկախ նրանից դու այդ պահին աշխատանքի վայրում ես, թե՝ ոչ։ Եթե անհրաժեշտություն կա, բոլորը մի թիմի պես լինում են աշխատավայրում, քանի որ սեյսմիկ իրադարձությունն անկանխատեսելի է»,- նշում է սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության պետի տեղակալ Հակոբ Ղազարյանը։
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն անցել է բարդ, բայց ձեռքբերումներով հարուստ ճանապարհ՝ շարժվելով տեխնոլոգիական առաջընթացին համընթաց, ընդլայնելով կարողությունները, զարգացնելով միջազգային համագործակցությունն ու հզորացնելով գիտական ներուժը։
Ժամանակակից սարքավորումներով համալրվել է սեյսմաերկրաքիմիական անալիտիկ լաբորատորիան։ Հայաֆիկացվել է Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կողմից մշակված LastQuake հավելվածը, որի միջոցով քաղաքացիները իրական ժամանակում տեղեկություններ են ստանում երկրաշարժերի մասին։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը միացել է Թվային սեյսմոգրաֆների ցանցերի միջազգային ֆեդերացիայի հարթակին, ինչի արդյունքում հայ մասնագետների սեյսմիկ դիտարկումները դարձել են համաշխարհային սեյսմիկ տվյալների բազայի մաս։ Սրանք ծառայության ձեռքբերումներից մի քանիսն են։ Հայաստանի Հանրապետության և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) համագործակցության շրջանակում՝ օգոստոսին Գառնու երկրաֆիզիկական դիտարանում առաջին անգամ կանցկացվի Արևելյան երկրների համար նախատեսված տարածաշրջանային աշխատաժողովը, ինչը կարևոր իրադարձություն է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության համար։
Տարիների ընթացքում վերափոխվել են բնակչության իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Այսօր ծառայությունը ժամանակակից գործիքակազմով և նորարարական նախաձեռնություններով նպաստում է սեյսմապաշտպանության վարքականոնների տարածմանն ու սեյսմիկ պաշտպանության ոլորտում անվտանգության մշակույթի ձևավորմանը։
«Մենք 35 տարի աշխատել ենք, համահունչ քայլում ենք աշխարհի հետ ու հուսով եմ, որ եկող սերունդը նույնպես նվիրվածությամբ կաշխատի»,- ասում է ծառայության ղեկավար Սոս Մարգարյանը։
35-ամյա Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հետայսու էլ շարունակելու է պատմություն կերտել։