Դատախազը 2026 թվականի հուլիսի 16-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել ներկայում Նոյեմբերյան համայնքի ղեկավար, 2005-2021 թվականներին Կողբ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին հայտնում են Դատախազությունից:
Քրեական վարույթով պարզվել է, որ Կողբ համայնքի նախկին ղեկավարն իր պաշտոնեական դիրքն ու իշխանական լիազորություններն օգտագործել է համայնքի և պետության շահերին հակառակ:
Մասնավորապես՝ Ա.Ա.-ն, տեղեկանալով, որ իրավաբանական անձին պատկանող հողատարածքում գտնվող պոմպակայանում պետության միջոցներով իրականացվելու են շինարարական աշխատանքներ, ապահովել է, որպեսզի պետության կողմից կատարված ներդրումների արդյունքը դառնա իրավաբանական ընկերության սեփականությունը:
Այդ նպատակով Ա.Ա.-ն ապօրինի կերպով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին տվել է Կողբ համայնքի 1-ին փողոց 31/1 հասցեում գտնվող՝ սեփականության իրավունքով իրավաբանական անձին պատկանող հողամասում 1999 թվականին պետական միջոցներով կառուցված և 2009 թվականի դեկտեմբերից որպես ինքնակամ կառույց հաշվառված Բերդավանի պոմպակայանի բարելավման շինմոնտաժային աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ թույլտվությունը: Արդյունքում՝ պետական մարմնի կողմից կատարվել են 82 միլիոն 83 հազար դրամ արժողությամբ աշխատանքներ:
Այնուհետև, տեղյակ լինելով, որ նշված կառույցը պետական միջոցների հաշվին է կառուցված և որպես ինքնակամ կառույց ենթակա չէ օրինականացման, 2018 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ 200 հազար 600 դրամով, որպես ինքնակամ կառույց, հօգուտ իրավաբանական անձի՝ օրինական է ճանաչել պոմպակայանը և դրան կից կառույցները: Արդյունքում՝ պոմպակայանի նկատմամբ 2018 թվականի նոյեմբերի 15-ին գրանցվել է իրավաբանական ընկերության սեփականության իրավունքը:
Քրեական վարույթով հիմնավորվել է, որ նշված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 70 միլիոն 62 հազար դրամ գույքային վնաս: Մասնավորապես՝ պետությունը ստիպված է եղել նույն անշարժ գույքը հողամասի հետ միասին 2024 թվականին իրավաբանական անձից ձեռք բերել 70 միլիոն 62 հազար դրամով, այն դեպքում, երբ նախկինում արդեն իսկ պետական միջոցների հաշվին իրականացրել էր պոմպակայանի վերակառուցման աշխատանքները՝ ներդնելով 82 միլիոն 83 հազար դրամ:
Դատախազի կողմից Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը:
Ա.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է գրավը:
Դատախազը 2026 թվականի հուլիսի 16-ին հաստատել է քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Հակակոռուպցիոն դատարան