Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր ուներ մեկ մասնակից՝ Եվրոպայի եռակի և գործող չեմպիոն, 110 կգ քաշային Գարիկ Կարապետյանը, որը մեդալի իրական հավակնորդներից էր։
Սակայն Կարապետյանը մրցահարթակում անճանաչելի էր ու կարծես անպատրաստ լուրջ պայքարի։ Պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ 183 կիլոգրամը բարձրացնելուց հետո նա երկու անգամ ձախողվեց 188 կգ-ում՝ բավարարվելով 7-րդ տեղով։
Հրում վարժության առաջին մոտեցման համար մարզիչները պատվիրել էին 217 կգ, սակայն քաշը երկու անգամ չենթարկվեց, որից հետո Գարիկ Կարապետյանը հրաժարվեց երրորդ մոտեցումից ու զրո ստացավ թե՛ այս վարժությունում, թե՛ երկամարտում։ ՀԾՖ կայքը տեղեկացրեց, որ մարզիկը չի շարունակի պայքարը վնասվածքի պատճառով։
Գարիկ Կարապետյանը մեր երրորդ ծանրորդն է, որ զրո ստացավ աշխարհի այս առաջնությունում, իսկ 75 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանն ընդհանրապես չմասնակցեց պայքարին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: