Ազգին թուլացնում եք, էրեխեքը չեն կարողանում մարզվել, Օլիմպավանը պիտի բացվի․ երեխաները փողոցում են մարզվում

«Օլիմպավանում մարզվող 107 երեխաներից միայն 20 հոգին է կարողանում գալ Լենինգրադյանի դահլիճ, մնացածը չեն կարողանում։ Ի՞նչ ասեմ՝ դադարեցնե՞մ, ասեմ՝ ոչ մի մրցո՞ւյթ»,- լրագրողների հետ զրույցում վրդովվեց արդեն 11-րդ օրը փակված Օլիմպավան սպորտային համալիրի մարզիչ ընկեր Էրիկը։

Այս պահին Օլիմպավանի Դավթաշենի համալիրի երեխաները մարզվում են դրսում։ Նրանք պարբերաբար գոչում են՝ Օլիմպավան՝ բացվի։

Ընկեր Էրիկն ասաց, որ չեն կարող մարզումները դադարեցնել, քանի որ հուլիսի 26-ին մրցումներ ունեն․ «Ում հետ մրցում են երեխաները, նրանք իրենց դահլիճներում կաշխատեն, կաճեն, վաղն էլ կկարողանան հաղթել մեր երեխաներին։ Օլիմպավանում լավ արդյունքներ ենք տվել, մարզումները դադարեցնելուց հետո միանգամից դա կանգնելու է։ Եթե երեխաները այստեղից գնան այլ տեղ մարզվելու, ես չեմ զարմանա։ Օլիմպավանը դավթաշենցիների համար մեծ բան էր։ Դավթաշենցի երեխաները մենակ կարողանում էին գալ մեր համալիր։ Բայց ոնց հասկանում եմ՝ այս ամենը երկար է տևելու։ Մրցումներից հետո անպայման պետք է արձակուրդ տանք, մնացածը չգիտեմ՝ ինչ կլինի։ Մենք մեր ազգին թուլացնում ենք, նեղացնում ենք, ուրիշ անուն դնել չեմ կարող։ Ամեն ինչ անում եմ, որ մեր էրեխեքը հայ մեծանան, բայց հիմա՝ անկեղծ չգիտեմ։ Տղերք, ընդամենը բացեք Օլիմպավանը, էս էրեխեքը ձեր էրեխեքն են»։

Օլիմպավանում մարզվող երեխաներից մեկի ծնողը վրդովված ասաց՝ էրեխեքը մարզվելու տեղ չունեն, փողոցում են մարզվում, մինչդեռ պատրաստվում են աշխարհի մրցումներին․ «Պետությունը ցույց է տալիս, որ ժողովրդի շահերն է պաշտպանում, բայց որ այլ տեսանկյունից ենք նայում, ժողովրդի շահերը չեն պաշտպանում։ Մարդկանց հետ անձնական հարցեր ունեն, ինչու են Օլիմպավանը փակում։ Մեկ-երկու օր արեք ձեր գործողությունները, դուրս եկեք, ի՞նչ ձևականություն եք անում, փակել եք Օլիմպավանը։ Ինչո՞ւ եք երեխաներին դուրս գցել։

Կողքից այն տպավորությունն է, որ մեր վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշն այլ երկրներում բարձրանա։ Մեր էրեխեքը եկել, փողոցում են պարապում, ամեն ինչ անում են փաստորեն, որ էրեխեքը մարզիկ չդառնան, մեր դրոշը չբարձրացնեն այլ երկրներում։ Սպորտը դաստիարակություն է, եթե ամեն մարդ սպորտով զբաղվի, հանցագործությունները քիչ կլինեն։ Հիմա տեսնում ենք՝ ինչեր են կատարվում մեր փողոցներում։ Էնքան է հոգուս հասել, որ պատրաստ եմ ամեն ինչի մեջ ընկնեմ, միայն թե էս երեխաների ապագան նորմալ լինի։ Էս ի՞նչ են անում, սա անօրինություն է։ Անձնական խնդիր ունես մարդու հետ, գնա անձնական խնդիրներդ պարզի, ինչո՞ւ ես իմ ԱԱԾ-ի, ոստիկանության աշխատակիցներին ուղարկում քո անձնական շահի համար»։

Ծնողը պահանջեց՝ ժամ առաջ Օլիմպավանը պիտի բացվի․ «Իմ ինքնասիրության, իմ անձնական խնդիրն է, մեր էրեխեքի անձնական խնդիրն է։ Եթե չեն բացում, ուրեմն թքած ունեն բոլոր էրեխեքի վրա։ Էս քայլերով երկիրը պառակտում եք։ Դուրներդ գալի՞ս է՝ սենց էրեխեքը փողոցում կանգնած»։

Օլիմպավանի բռնցքամարտի մարզիչներից մեկն էլ ասաց՝ խնդրել են մարզագույք հանեն փակված սպորտային համալիրից, բայց թույլ չեն տվել․ «Մուտքը փակ է, մենք չենք կարողանում աշխատել, երեխաներին, ծնողներին բացատրություն եմ տալիս, թե ոնց աշխատենք։ Փորձում ենք մի քիչ մարզավիճակ պահել։ Գոնե թույլ տան մասնակի մարզվենք, ինչ-որ բաների մասնակցենք։ Ոչ մի գործընթաց ինձ ու իմ ծնողներին հետաքրքիր չէ, ես 200 հոգանոց թիմ է ստեղծել, հիմա բոլորը բողոքում են»։

 

Օլիմպավանի մարզիչների, ծնողների և մարզիկների ակցիան ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment