Քաղաքականություն
13.11.2026 | 13:45
Անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը Ռուսաստանի 17 մարզերի, բռնակցված Ղրիմի ու Սև ծովի տարածքում «որսացել և ոչնչացրել» են 1198 անօդաչու թռչող սարք։ Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Խոցված անօդաչու թռչող սարքերի հայտարարված թվով՝ սա պատերազմի սկզբից ի վեր ամենախոշոր հարձակումներից մեկն է։
Հոկտեմբերի 29-ին ռուս զինվորականները հայտնել էին մեկ գիշերվա ընթացքում 1214 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ուրբաթ առավոտյան հայտարարել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս «վնասազերծվել է» 144 անօդաչու թռչող սարք։
Վոլգոգրադում քաղաքի հարավային արդյունաբերական գոտում գտնվող ձեռնարկության վրա զանգվածային հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնել է նահանգապետ Անդրեյ Բոչարովը՝ չհաստատելով «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանի վրա հարձակման մասին լուրերը։
Ռոստովի մարզում «ոչնչացվել է» ավելի քան 120 անօդաչու թռչող սարք։ Դոնի Ռոստովում վնասվել է հինգ բազմաբնակարան շենք, մեկ մարդ վիրավորվել է, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Յուրի Սլյուսարը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի