«Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Գերատեսչությունը նշել է, որ դեռ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին: Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում 2026 թվականի հուլիսի 13-ին գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:
«Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է։ «Արարատցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությունը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը»,– ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Շնող համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքել էր այս հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։
Փաշինյանի հայտարարությունից կարճ ժամանակ անց դատախազությունը հայտարարեց, որ «Արարատցեմենտի» մասնավորեցման հարցով դիմել է դատարան։
Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր նաև, որ կոչնչացնի «պատերազմի եռագլուխ կուսակցությունը»՝ նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նա խոստացել էր «կզացնել» նշված ուժերի ղեկավարներին։
Sputnik Արմենիա