«Մատյան գունդ» են ձեւավորել, Դատավորների գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատավոր Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործով 6 քննիչ է ներգրավվել և 3 դատախազ։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ քննչական խմբի ստեղծելու հանգամանքը զարմացրել է դատավոր Մելքոնյանին, թե ինչու են 6 քննիչ ու 3 դատախազ ներգրավվել իր դեմ հարուցված քրեական գործով։

Սակայն սա դեռ սկիզբն է։ Դատական համակարգում աղմկահարույց քրեական գործերը այսքանով չեն ավարտվի։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ իրավապահ համակարգում կարծիք է հնչել, որ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործերով դատական համակարգի աղմկահարույց քրեական գործերը չեն ավարտվելու, ու սլաքները գնում են դեպի Հակակոռուպցիոն դատարան։ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը օպերատիվ աշխատում է հակակոռուպցիոն դատարանի շուրջ, թե ինչ կբացահայտվի, ժամանակը ցույց կտա։

ArmLur-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեում, երբ դատավոր Մասիս Մելքոնյանին քննիչը հարցեր է ուղղել, վերջինս ասել է, որ, օգտվելով մեղադրյալի իրավունքից, հրաժարվում է ցուցմունք տալ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին դատավոր Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի մեղադրանք առաջադրվեց, և խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը:

Հիշեցնենք, որ քրեական գործը բացառապես կապված է Մասիս Մելքոնյանի վարույթում քննվող՝ վարորդական իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքին: Դատավորին վերագրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արարք, որը դրսևորվում է նրանում, որ դատավոր Գևորգ Պողոսյանի դրդմամբ փոխել է իր վարույթում գտնվող գործով մեղադրյալի խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, և գրավ կիրառել:

Հայտնել էինք, որ դատավորներին գաղտնալսել են: Մասնավորապես, գաղտնալսման ժամանակ դատավոր Գագիկ Պողոսյանը, որը դատական համակարգում մեծ հարգանք ունի, դիմում է Մասիս Մելքոնյանին խնդրանքով։

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ դատավոր Պողոսյանը խնդրում է Մասիս Մելքոնյանին օգնել իր ծանոթներից մեկին, որը, վարորդական իրավունքից զրկված լինելով, մեքենա է վարել և հայտնվել մեղադրյալի աթոռին։ Կարո՞ղ է արդյոք վերացնել խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, որպեսզի նշված անձը երկրից դուրս գա և վերադառնա։ Դատավոր Պողոսյանի այս խնդրանքը Մասիս Մելքոնյանը չի մերժում և ընդառաջում է նրան»։

 

«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ նորաթուխ ֆրակցիայում, պարզվում է, նախապես «մատյան գունդ» են ձեւավորել եւ ցուցակ մտցրել բիլակներով, կռվարար տղամարդկանց, որոնք պատեհ պահերին կարող են ձեռնամարտի իրենց կարողությունները ցուցադրել։

Պայմանը հետեւյալն է․ նրանք՝ բոլորը, կամ գոնե մեծ մասը, պարտադիր պետք է ներկա գտնվեն ԱԺ նիստերի դահլիճում, ինչպես նաեւ՝ մշտական հանձնաժողովների նիստերին, եթե անգամ տվյալ հանձնաժողովի անդամ չեն։ Նարեկ Բաբայանից զատ, այդ գնդի «մարտիկներից» են Դավիթաշենի հանրահռչակ նախկին թաղապետ Ռոման Համբարձումյանը, Փարաքարի նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կոտայքի նախկին մարզպետ Ահարոն Սահակյանը, բնականաբար՝ «կռվի սվեչա» Վահե Ղալումյանը։

Սրանցից չեն պահանջվում ո՛չ օրենսդրական նախաձեռնություններ, ո՛չ ելույթներ, ո՛չ հարցապնդումներ, նրանք ԱԺ անվտանգության աշխատողներին համարժեք գունդ են՝ պատգամավորների մանդատի տակ քողարկված, որոնց անձամբ Նիկոլ Փաշինյանն է աճեցրել։

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ երկրի վարչապետը Անթալիայի հյուրանոցից մի հատիկ բանան է դնում գրպանը, Իռլանդիայի տարանցումով՝ Դուբլինի վրայով ներկրում Երևան, ցուցադրում տեսախցիկների առջև ու խոստանում այն հասցնել մինչև հարավ-արևել յան Ասիա՝ Կամբոջա, առաջին հայացքից թվում է, թե գործ ունենք պարզապես սովորական հումորային տեսանյութի կամ անձնական առօրյա դրվագի հետ։ Սակայն եթե մի կողմ դնենք մրգային աշխարհագրությունը և նայենք քաղաքական հաղորդակցության տրամաբանությանը, ապա պարզ կդառնա, որ բանանի այս «համաշխարհային շրջագայությունը» ամենևին էլ պատահականություն չէ, այլ հստակ հաշվարկված քաղաքական տեխնոլոգիա։

Ժամանակակից տեղեկատվական դարաշրջանում, որտեղ հասարակական կարծիքը ձևավորվում է ոչ թե ծանրակշիռ վերլուծական հոդվածներով, այլ ՏիկՏոկի ու Ինստագրամի մի քանի վայրկյանանոց տեսանյութերով, իշխանությունները վաղուց հասկացել են ուշադրության գրավման ամենակարճ ճանապարհը։ Սոցիալական ցանցերի ալգորիթմներն անողոք են. գիտական խորը հայտնագործությունները, տնտեսական զարգացման բարդ ռազմավարությունները կամ աշխարհաքաղաքական նուրբ բանակցությունները հազարավոր դիտումներ հազիվ են հավաքում, մինչդեռ ինչ-որ մեկի ընկնելը, անհեթեթ ծամածռությունները, «գազ բաց թողնելու» մակարդակի էժանագին հումորները կամ կենցաղային պարզունակ տեսարանները վայրկենապես դառնում են վիրուսային՝ հավաքելով միլիոնավոր դիտումներ և բուռն քննարկումներ։

Հենց այս համընդհանուր պրիմիտիվացման ալիքի վրա էլ կառուցվում է նմանատիպ հաղորդակցությունը։ Աշխարհաքաղաքական բարդ իրողությունները, արտաքին քաղաքական մարտահրավերներն ու տնտեսական հեռանկարները պահանջում են թե՛ լուրջ մասնագիտական կարողություններ՝ դրանք կյանքի կոչելու համար, և թե՛ պատրաստված լսարան՝ դրանք ընկալելու և գնահատելու համար։ Բայց երբ պետական կառավարման համակարգում խորքային ծրագրերի պակաս կա, իսկ լայն հասարակության զգալի մասն էլ հոգնած է բարդ վերլուծություններից և պատրաստ չէ ընկալել մեծ քաղաքական խաղերը, ասպարեզ են գալիս կենցաղային մանրուքները։ Շատ ավելի հեշտ է ժողովրդի միտքը զբաղեցնել եփած կարտոֆիլ կամ եգիպտացորեն ուտելով, գրպանում պահած բանանին տուրիստական ուղեգիր տալով, քան բացատրել տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետությունը կամ տնտեսական ցուցանիշների իրական պատկերը։

Այսպիսով, քաղաքական օրակարգը վերածվում է անվերջանալի ռեալիթի-շոուի։ Քանի դեռ հանրությունը բաժանվել է երկու ճամբարի՝ բուռն քննարկելով, թե ինչու է բանանը Անթալիայից հասել Դուբլին, արդյոք այն չի փչանա մինչև Կամբոջա հասնելը, և ինչ խորհրդանշական իմաստ ունի եգիպտացորեն կրծելը, իրական և կենսական հարցերը մղվում են հետին պլան։ Իշխանությունը հիանալի հաշվարկել է. պետք չէ մարդկանց ծանրաբեռնել պետականաշինության բարդ հավասարումներով, երբ կարելի է ընդամենը մեկ հատիկ բանանով ապահովել օրվա գլխավոր լրահոսն ու լիովին վերահսկել հանրային էմոցիաները։

Leave a comment