Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընդունած հռչակագիրը խաթարում է կազմակերպության հանդեպ վրաց հասարակության վստահությունը:
Նրա խոսքով` նման փաստաթղթերը բացասաբար են անդրադառնում ոչ միայն վեհաժողովի, այլ ընդհանրապես ԵԱՀԿ-ի հեղինակության վրա: Կոբախիձեն նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն փաստացի իջել է ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնի մակարդակին, և տեղի ունեցածն անվանել է «շատ ողբերգական երևույթ»: Վարչապետն ընդգծել է, որ վրացական իշխանությունները համապատասխան հետևություններ կանեն։
Ավելի վաղ ԵԱՀԿ ԽՎ-ն Վրաստանի վերաբերյալ հռչակագիր էր ընդունել, որում ներառվել էր Ջո Ուիլսոնի պատրաստած բանաձևը: Փաստաթղթում նշվում է, որ 2024 թվականի խորհրդարանական և 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները լիովին չեն արտացոլում ընտրողների կամքը: Բացի այդ, փաստաթղթի հեղինակները կրկին մտահոգություն են հայտնել երկրում ժողովրդավարության վիճակի և հավաքների ազատության պահպանման կապակցությամբ:
Ի նշան հռչակագրի բովանդակության հետ անհամաձայնության՝ վրացական պատվիրակությունը լքել էր նիստերի դահլիճը դեռ քվեարկության մեկնարկից առաջ։
Sputnik Արմենիա