Ինչո՞ւ չէր կարող Հայկ Հարությունյանին «Մարտի 1»- ի գործով հետմահու մեղադրանք առաջադրվել

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին հետմահու «Մարտի 1»-ի գործով մեղադրանք չէր կարող առաջադրվել։ Այս մասին Aravot.am-ին ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Վահան Հովհաննիսյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Իսկ որտեղի՞ց նման ձևակերպումները լրահոսում։ Հովհաննիսյանը չի կարծում՝ դատախազության գործողություններում ֆորմալ տեսանկյունից խախտում կա, իր կարծիքով՝ պարզապես լրատվական նյութերի վերնագրերն են ոչ ճիշտ ձևակերպվել.

«Հանրային քրեական հետապնդումը հարուցվում է դատախազի կողմից, երբ ձեռք բերված ապացույցները հաղթահարում են այդ շեմը։ Հանրային քրեական հետապնդման մասին որոշումը քննիչին ուղարկելուց հետո քննիչը պարտավոր է այն ծանոթացնել մեղադրյալին, պարզաբանել դրա իրավական և փաստական հիմքը, տրամադրել պատճենը և հարցնել նրա դիրքորոշումը մեղադրանքի վերաբերյալ։ Այդ գործողությունների ամբողջությունն է, որ կոչվում է մեղադրանք ներկայացնել կամ առաջադրել։ Եթե մեղադրյալը չկա, դա իրականացնել հնարավոր չէ»։

Ինչ վերաբերում է բուն քրեական հետապնդմանը, Վահան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում շարունակեց՝ ընդգծելով, որ մահացած անձի նկատմամբ կարող են հարուցել քրեական հետապնդում և այն դադարեցնել մահվան հիմքով, եթե դրա դեմ չի առարկում ներկայացուցիչը։ Իսկ կոնկրետ Հայկ Հարությունյանի մասով, հիշեցնենք, առարկել է նրա օրինական ներկայացուցիչը՝ կինը։ Այդ է պատճառը, որ դատախազը Հարությունյանին վերաբերող քրեական վարույթը վերադարձրել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու համար։ Հիշեցնենք, որ քրեական վարույթը կասեցվել էր Հարությունյանի մահվան հիմքով։

«Բայց եթե մահացած անձի ներկայացուցիչը չի առարկում, ապա քրեական հետապնդումը դադարեցվում է չարդարացնող հիմքով, այսինքն՝ ներկայացուցիչն ընդունում է քրեական հետապնդման իրավաչափությունը։ Եթե չի ընդունում, ապա դատավարությունը շարունակվում է ընդհանուր կարգով»,- հավելեց փաստաբան Հովհաննիսյանը։

 

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment