Թրամփը հայտարարել է, որ այս պահին չի ցանկանում բանակցություններ վարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս մտադիր չէ բանակցություններ վարել Իրանի հետ՝ ընդգծելով, որ Թեհրանի հետ հնարավոր է խոսել միայն ուժի դիրքերից։

Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ն այժմ դադարեցնի գործողությունները, Իրանին շուրջ 20 տարի կպահանջվի վերականգնելու իր ռազմական ներուժը։

«Այս մարդկանց հետ բանակցելու միակ տարբերակը ուժի դիրքերից է, իսկ միակ ուժը ռազմական ուժն է։ Բառացիորեն երկու օր առաջ մենք համաձայնության էինք հասել, սակայն վերջին պահին նրանք խախտեցին այն»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ ամերիկյան ուժերը մի քանի անգամ հարվածներ են հասցրել Իրանի Խարգ կղզուն՝ նշելով, որ մի հատված դիտավորյալ չի թիրախավորվել՝ համաշխարհային տնտեսության համար հնարավոր հետևանքներից խուսափելու նպատակով։

«Եթե մենք նրանց բավականաչափ թուլացնենք և հետ մղենք, ես կգնայի նաև այդ քայլին։ Կարծում եմ՝ նրանք այլ ընտրություն չունեն»,- նշել է նա։

Թրամփի խոսքով՝ Իրանը երբեք չէր համաձայնի գործարքի, եթե Վաշինգտոնը չգործեր ներկայիս կոշտ քաղաքականությամբ։ Նա նաև պնդել է, որ Իրանի ղեկավարության հայտարարությունները «սուտ են»։

Անդրադառնալով հաղորդակցությունների և փոխադրումների հարցին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ անցումը բաց է բոլորի համար, բացառությամբ Իրանի, և հավելել, որ Վաշինգտոնը քննարկում է այլընտրանքային տարբերակներ, այդ թվում՝ Տեխասի և Ալյասկայի ուղղություններով։

Թրամփը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն փորձում է խուսափել քաղաքացիական բնակչությանը վնաս պատճառելուց, սակայն կրկին զգուշացրել է Թեհրանին՝ կոչ անելով համաձայնել գործարքի։

«Ես նրանց ասել եմ՝ ավելի լավ է համաձայնեք գործարքին, հակառակ դեպքում ձեզ ոչինչ չի մնա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment