ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը շարունակում է խորանալ՝ ուղեկցվելով փոխադարձ կոշտ հայտարարություններով և ռազմական գործողություններով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի ծանր հարվածներ հասցնել Իրանին՝ թիրախավորելով երկրի ռազմավարական ենթակառուցվածքները՝ էներգետիկ օբյեկտները, էլեկտրակայաններն ու կամուրջները։ Նրա խոսքով՝ էներգետիկ օբյեկտներին հարվածները կիրականացվեն ավելի ուշ, սակայն «ի վերջո, հարվածներ կհասցվեն նաև էներգետիկ թիրախներին»։
Թրամփը նաև ընդգծել է, որ եթե Թեհրանը «չնստի բանակցությունների սեղանի շուրջ», ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները։
Իր հերթին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը Թրամփի սպառնալիքներին կպատասխանի ոչ թե հայտարարություններով, այլ գործողություններով՝ ընդգծելով, որ Իրանը կպաշտպանի իր տարածքի «յուրաքանչյուր թիզը»։
Չնայած Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները շարունակվում են, ռազմական գործողությունները չեն դադարում։
Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է իրանագետ Էմմա Բեգիջանյանի հետ՝ հասկանալու՝ արդյոք տարածաշրջանը կանգնած է նոր պատերազմի շեմին, թե՞ իրավիճակը դեռևս վերահսկելի է։
Իրանագետի գնահատմամբ՝ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը փոքր է, քանի որ նման զարգացումը չի բխում հակամարտող կողմերից և ոչ մեկի շահերից։
«Սա լայնամասշտաբ պատերազմի չի հանգեցնի, որովհետև երկու կողմերի շահերից էլ դա չի բխում։ Լինելու են սրացումներ, հետո՝ հրադադար։ Պետք չէ հույս ունենալ, որ ինչ-որ շուտափույթ համաձայնագիր կկնքվի»,- ասաց իրանագետը։
Անդրադառնալով ստեղծված նոր իրողություններին՝ Բեգիջանյանը նկատում է, որ հակամարտության գլխավոր դերակատարների միջև որոշակի դերաբաշխում է տեղի ունեցել, և այժմ առաջնային դիրքում ԱՄՆ-ն է, մինչդեռ Իսրայելը որոշ չափով հետին պլան է անցել։
«Իհարկե, այս ամենն Իսրայելի շահերից է բխում։ Նեթանյահուն մի քանի օր առաջ ելույթ ունեցավ և ասաց, որ այս պահին առայժմ հեռու է մնում իրանա-ամերիկյան բախումներից, բայց եթե հանկարծ Իրանը փորձի հարձակվել Իսրայելի վրա կամ որևէ քայլ անի, շատ սարսափելի պատասխան է ստանալու»,- նշեց նա։
Հարցին, թե որքան կարող է շարունակվել այս անորոշ փուլը և երբ հնարավոր կլինի խոսել վերջնական հանգուցալուծման մասին, իրանագետը զարգացումները կապեց ԱՄՆ-ի ներքաղաքական գործընթացների հետ։
«Այս իրավիճակը կտևի մինչև նոյեմբեր, երբ ԱՄՆ-ում տեղի կունենան միջանկյալ ընտրությունները։ Մինչ այդ այն կշարունակվի»,- ասաց Բեգիջանյանը։
Միաժամանակ միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչներ շարունակում են արձագանքել տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։ Մասնավորապես, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական միջամտությանը՝ ընդգծելով, որ Իրանը պետք է ինքնուրույն լուծի իր ներքին խնդիրները։
Սակայն, ըստ իրանագետի, նման հայտարարությունները պայմանավորված են ոչ թե բացառապես խաղաղասիրական մոտեցումներով, այլ յուրաքանչյուր երկրի սեփական ռազմաքաղաքական շահերով։
«Յուրաքանչյուր երկիր հայտարարություն է անում իր շահից ելնելով։ Թուրքիան նման հայտարարություն արեց, որովհետև Իսրայելը սպառնաց, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, և բնական է, որ Ֆիդանը նման ելույթ պետք է ունենար։ Կան երկրներ, որոնք տուժելու են այս սրացումից՝ Պարսից ծոցի երկրները՝ Սաուդյան Արաբիան, Օմանը, Կատարը, Բահրեյնը, ինչպես նաև Պակիստանը։ Նրանք խիստ շահագրգռված են պատերազմի դադարեցմամբ և այդ ուղղությամբ քայլեր են անում»,– եզրափակեց իրանագետը։
Ալիտա Եղիազարյան