«ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելությունը միտված է աջակցելու Հայաստանի պետական կառույցներին՝  ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 13-ին ընդունել է Բրյուսելից ժամանած Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (EEAS) Քաղաքացիական գործողությունների շտաբի գործադիր տնօրեն Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում էին Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության (EUPM Armenia/ԵՄԳԱ Հայաստան) ղեկավար Կոսմին Ջորջ Դինեսկուն, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և ԵՄԳԱ Հայաստանի այլ ներկայացուցիչներ։

Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Մանթաշյանը շնորհավորել է Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (ԸԱՊՔ) ներքո Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության պաշտոնական մեկնարկի առթիվ՝ նշելով, որ բարձր է գնահատում Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված գործընկերությունը և կարևորում է առաքելության գործունեությունը՝ ուղղված Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում եվրոպական կողմը ներկայացրել է առաքելության առաջնահերթությունները և գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ այն միտված է Հայաստանի պետական կառույցներին աջակցել ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում։ Նշվել է, որ առաքելությունը նախատեսում է տրամադրել ռազմավարական և գործառնական խորհրդատվություն, իրականացնել փորձագիտական գնահատումներ, վերապատրաստումներ և տեխնիկական աջակցության ծրագրեր՝ նպաստելով պետական կառույցների արդյունավետության և պատրաստվածության բարձրացմանը։ Քննարկվել են նաև ԵՄ անդամ պետությունների փորձի փոխանակման, մասնագիտական համագործակցության և Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում։

Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ ուղղված թվային հասարակության և տնտեսության ձևավորմանը, վստահելի տեղեկատվական համակարգերի զարգացմանը, կիբեռանվտանգության ամրապնդմանը և ոլորտի քաղաքականությունների կատարելագործմանը։ Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին, օրենսդրական բարեփոխումներին, պետական կառավարման համակարգում արհեստական բանականության կիրառման ուղղություններին և դրա ներուժին՝ կիբեռանվտանգության կարողությունների զարգացման համատեքստում։

Հանդիպման ընթացքում կողմերը փոխանակել են տեսակետներ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ Հայաստանի թվային և կիբեռանվտանգության ոլորտների զարգացման, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման և համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment