Ծեծկռտուք Գյումրու Մուշ թաղամասում՝ բարձր երաժշտության պատճառով

Հուլիսի 13-ին՝ գիշերը սկսվելուն պես, վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու Մուշ թաղամասում․ բարձր երաժշտություն միացնելու պատճառով նախ վիճաբանություն է սկսվել երկու տղամարդկանց՝ Յ․Ֆ․-ի և Է․Ո․-ի միջև, որի ընթացքում վերջինս ապտակել, այնուհետ քարով հարվածել է Յ․Ֆ․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Տեղի ունեցած միջադեպի հետևանքով Յ․Ֆ․-ն նաև ընկել ու կոտրել է ձեռքը։ Պատճառը եղել է Մուշ թաղամասի շենքերից մեկի բնակարանում բարձր երաժշտություն միացնելը։

Յ․Ֆ․-ն գիշերը ժամը 01։30-ին դիմել է Գյումրի բժշկական կենտրոն՝ բուժօգնության, «գանգուղեղային փակ վնասվածք, գլխամաշկի պատռված վերք» ախտորոշմամբ, որտեղից և զանգահարել են ոստիկանություն։

Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մանրամասները․ Է․Ո․-ն ոստիկանությանը տված իր հաղորդմամբ հաստատել է կատարվածը, իսկ գիշերը ժամը 03։30-ին ավագ համայնքային ոստիկան Խաչատրյանը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Այս դեպքը զարմանալի է նրանով, որ միջադեպի մասնակիցներից մեկը՝ Յ․Ֆ․-ն, 43 տարեկան է, իսկ նրան քարով հարվածելու մեջ կասկածվող Է․Ո․-ն՝ 45 տարեկան, այսինքն՝ հասուն տարիքում գտնվող տղամարդիկ են, որոնք, ըստ էության, չեն կարողացել լեզու գտնել՝ ուշ ժամի բարձր երաժշտությունը անջատելու կամ գուցե ցածրացնելու շուրջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment