Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է խմելու և կենցաղային (սննդի լվացում, պատրաստում, լվացվել) նպատակներով օգտագործել միայն համայնքի կողմից տրամադրվող ջուրը կամ շշալցված տարբերակը:

«Գանգատների՝ թուլություն, գլխացավ, սրտխառնոց, այտուցներ, ձեռքերի դող, մաշկի ցանավորում կամ ինքնազգացողության այլ վատթարացման դեպքում անհապաղ դիմել բժշկի»,- գրել է նախարարը։

Ավելի վաղ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Ծավի բնակիչներից մեկը դիմել է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում մետաղական զանգված է նկատել։

ՀՎԿԱԿ-ի մասնագետները բնակչի տնից ջրի նմուշ են վերցրել, որի լաբորատոր հետազոտությամբ սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։

Հաշվի առնելով ցուցանիշի բարձր մակարդակը և այն, որ նախկին քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել՝ կրկնակի նմուշառում է իրականացվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն շեղումները։

Leave a comment