ՌԴ իշխանություններն առաջին անգամ վառելիքի դեֆիցիտը կապել են նավթավերամշակման գործարաններին ԱԹՍ-ների հարվածների հետ

Քաղաքականություն

10.07.2026 | 22:17

Ռուսաստանի կառավարությունում խոստովանել են, որ Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները հանգեցրել են վառելիքի պակասի։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը մամուլի ասուլիսում, գրում է DW-ն։

«Մենք պետք է ընդունենք, որ կան խնդիրներ և դեֆիցիտ, այդ պատճառով մենք տեսնում ենք հերթեր»,- ասել է նա։

Ռուսաստանի փոխվարչապետն ասել է՝ առաջացած դեֆիցիտը «հասկանալի պատճառներ» ունի, մասնավորապես, նավթավերամշակման գործարանները «մասամբ շարքից դուրս են եկել անօդաչու թռչող սարքերի ներխուժումների  պատճառով»։

The Insider-ը նշում է, որ դաշնային իշխանություններն ավելի վաղ խուսափում էին ընդունել, որ Ռուսաստանում վառելիքի պակասը պայմանավորված է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից նավթավերամշակման գործարանների վրա հարվածներով։

Հուլիսի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և կառավարության անդամների հանդիպման ժամանակ Նովակը հայտարարել էր միայն «բենզինի և դիզելային վառելիքի արտադրության  ծավալի մասնակի կրճատման» մասին՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների պատճառով։

Վառելիքային ճգնաժամը լուծելու փորձի շրջանակում Ռուսաստանի կառավարությունը մի շարք միջոցառումներ է ձեռնարկել, այդ թվում՝ բենզինի և դիզելային վառելիքի արտահանման արգելքը։

Financial Times-ի գնահատականներով՝ Ռուսաստանում վառելիքի պակասն անմիջականորեն ազդում է մոտավորապես 50 միլիոն ռուսաստանցիների կամ բնակչության 35 տոկոսի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment