«Սյունաց երկիր». Ինչպես արդեն հաղորդել ենք՝ այսօր՝ 2026 թ․ հուլիսի 9-ին, «Սյունյաց երկիր» պարբերականի խմբագիր Սամվել Ալեքսանյանի գորիսյան բնակարանում կատարվել է խուզարկություն, որի իրավական հիմքերն ուսումնասիրվում են։
Պարզվել է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թ․ հուլիսի 6-ի՝ «Բնակարանում խուզարկություն քննչական գործողություն կատարելու միջնորդությունը քննելու մասին» որոշմամբ (դատավոր՝ Սարգիս Դադոյան) բավարարել է քննիչ Ջուլիետա Կարապետյանի միջնորդությունը և թույլատրել նրան՝ 2026 թ․ հուլիսի 7-ից մինչև հուլիսի 17-ը ներառյալ, մեկ անգամ խուզարկություն կատարել Կարեն Լազարյանի բնակարանում։
Մինչդեռ, խուզարկություն կատարելու մասին 2026 թ․ հուլիսի 9-ի արձանագրությունից ակնհայտ է դարձել, որ խուզարկությունը կատարել է ոչ թե դատարանի կողմից թույլտվություն ստացած Ջուլիետա Կարապետյանը, այլ մեկ ուրիշ քննիչ, ով նման խուզարկություն կատարելու թույլտվություն և լիազորություն չի ունեցել։
Այնուհետև՝ խուզարկություն կատարելու մասին դատարան ներկայացված (քննիչ Ջուլիետա Կարապետյանի կողմից) միջնորդության մեջ հիմնավորող գոնե մեկ փաստ չի դրվել, որը կարող էր խուզարկության համար հիմք հանդիսանալ, ինչը «չի նկատել» դատավոր Սարգիս Դադոյանը։
Առնվազն վերոնշյալ երկու հանգամանքը, ինքնին, կասկածի տակ են դնում ոչ միայն կատարված խուզարկության, այլև դատարանի 2026 թ․ հուլիսի 6-ի որոշման օրինականությունը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: