Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել տնտեսավարողների կողմից արտահանված պտղի (ծիրան, սալոր, կեռաս, ելակ), բանջարեղենի (լոլիկի, պղպեղ), ծաղիկի, շշալցված բնական հանքային ջրի, շշալցված խաղողի գինու և շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի արտահանման համար առաջացող փոխհատուցման ենթակա ծախսերը։
Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, դեռևս հունիսի սկզբին Կառավարությունը շուկաների դիվերսիֆիկացման նպատակով ընդունել էր աջակցության ծրագիր. «Ծրագրով ֆինանսական աջակցություն ենք տալիս, եթե արտահանվում են հայկական ծագման ջերմատնային արտադրության ապրանքներ, ինչպես նաև թարմ պտուղ և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակներ»։
Ըստ նախարարի՝ որոշման նպատակն է կատարել ծրագրի արդյունքում արտահանողներին առնչվող՝ հունիս ամսվա պարտավորությունները. «Այսինքն՝ նրանք արտահանել են, մենք իրենց պետք է ֆինանսական աջակցություն կտրամադրենք: Միջոցառման իրականացման համար հունիսին առաջացած պարտավորությունների կատարման նպատակով անհրաժեշտ է փոխհատուցել ընդհանուր առմամբ 3 մլրդ 140 մլն դրամ»:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 3 մլրդ դրամի փոխհատուցումը մեծ թիվ է, ինչը նշանակում է, որ արտահանման ծավալները մեծ են:
Արձագանքելով՝ Գևորգ Պապոյանը ներկայացրել է արտահանման ծավալները. հունիսին արտահանվել է 784 տոննա պղպեղ, 200 տ լոլիկ, 109 տ ելակ, մոտ 3000 տ ծիրան, 1400 տ կեռաս, 1,5 մլն լիտր շշալցված բնական հանքային ջուր, 230 հազար լիտր շշալցված խաղողի գինի և այլն:
Գևորգ Պապոյանը տեղեկացրել է նաև, որ նախարարությունը մշտապես կապի մեջ է տնտեսվարողների հետ, ստանում են իրականացվող ծրագրերը բարելավելուն միտված առաջարկություններ, որոնց հիման վրա առաջիկայում գործող ծրագրերում որոշ փոփոխություններ են նախատեսվում։
Վարչապետն արձանագրել է, որ հանրապետության տնտեսության մեջ բալանսավորման քաղաքականությունն ընթացքի մեջ է, այսինքն՝ 1 ամսվա ընթացքում 3 միլիարդի արտահանումը վկայում է էական ծավալ ձեռք բերելու մասին։
Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստան ժամանող ուղևորների ամենօրյա թվերի աճին և դա որպես արտահանման մի ճյուղ արձանագրել. «Այս օրերին համարյա ամեն օր 10 հազարից ավելի ուղևոր է մուտք գործում ՀՀ: Լավ միտում էլ կա, քանի որ Հայաստանի ճանաչելիությունը բարձրացել է, կարող է մարդիկ, առիթից օգտվելով, որ Հայաստանով 3-րդ երկրներ են ուղևորվում, կամ հակառակ ուղղությամբ, 1-2 օրով դուրս են գալիս, հանրապետությունում շրջում են, և դա նույնպես շատ էական ազդեցություն է ունենում: Նաև շուկայում գների վիճակը ցույց է տալիս, որ սպառման մեծ պրոբլեմներ գոյություն չունեն: Իհարկե, 1-2 ապրանքատեսակի՝ վարդի և լոլիկի հետ կապված, որոշակի գնանկում ունենք, մնացած դեպքերում, կարծես թե, էական փոփոխություն չկա»:
Արձագանքելով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ միջազգային ստանդարտներին համապատասխան արտահանման աջակցման գործիքները հավանաբար կդառնան մշտական. «Ոչ այս չափերով, ոչ այս ապրանքատեսակներով, բայց քննարկումներ են անցկացվում։ Հեռանկար ունեցող արտադրանքի համար, վստահ եմ, կներկայացնենք առաջարկություն, որպեսզի դրանց արտահանման համար աջակցությունը լինի շարունակական»։
Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է նախկինում կայացրած այն որոշումը, որ կոնսերվացման ծախսերի տրամաբանությունից պետք է անցում կատարել զարգացման ծախսերի տրամաբանության։ «Հիմա մեր խնդիրն այն է, որ մենք ժամանակ ունենք առաջիկա 1 տարվա ընթացքում պատրաստվել այն իրավիճակին, որ ծիրանի և մյուս գյուղմթերքի արտահանումները մաքսիմալ դիվերսիֆիկացնենք, որպեսզի որևէ մեկ շուկայից անհամաչափ կախվածություն չունենանք՝ ի կատարումն Իրական Հայաստանի գաղափարախոսության այն թեզի, որ անկախությունը՝ քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ: Այսինքն՝ եթե մենք տասնյակ շուկաներ որևէ բան արտահանում ենք, այդ շուկաներից որևէ մեկում մեզ համար չկանխատեսված իրադարձությունը չի կարող մեր շուկայի վրա ազդել: Եվ ընդհանրապես, բոլոր ապրանքատեսակների և ամեն ինչի պարագայում մենք պետք է գործենք այս տրամաբանությամբ, և սա նաև Հայաստանի ինքնիշխանության, անկախության և պետականության ամրապնդման ճանապարհն է»,- շեշտել է երկրի ղեկավարը։
Էկոնոմիկայի նախարարը, ներկայացնելով ապրանքների դիվերսիֆիկացման պատկերը, նշել է, որ հունիս-հուլիս ամիսների ընթացքում միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ արտահանումները հնարավորություններ են. «Ուզում եմ արձանագրել, որ մեր տնտեսվարողները պետք է հարմարվողականություն ցուցաբերեն։ Շուկաներից յուրաքանչյուրն ունի պահանջների և ճաշակների իր բանաձևը, և պետք է մեր արտահանողները հարմարվեն»։
16 մլն ծրագրի շրջանակում կառուցված անշարժ գույքը հիփոթեքային վարկի գործողության ընթացքում չի կարող արգելադրվել
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2027 թթ․ ծրագրում։ Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը, դեռևս 2026 թ. մարտին Կառավարության որոշմամբ զգալի ընդլայնվել է ծրագիրը։ Այն վերաբացվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով շինարարության թույլտվություն ստացած կամ այդ նույն նպատակով 01.01.2024-01.05.2025 թթ․ ժամանակահատվածում հողամաս ձեռք բերած շահառուների համար։ Միաժամանակ, ծրագիրը վերաբացվել է և նոր քվոտաներ են սահմանվել այն սահմանամերձ գյուղական բնակավայրերում, որտեղ բնակչության և ծրագրի փաստացի շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից, ինչպես նաև այն ոչ սահմանամերձ գյուղական բնակավայրերում, որտեղ «300 դպրոց» ծրագրի շրջանակում կառուցվող/կառուցված դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը։
Արտյոմ Սմբատյանը տեղեկացրել է, որ այս պահին ծրագրով առկա է 3820 քվոտա։ Ըստ նրա՝ հուլիսի 1-ի դրությամբ Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում շահառուի կարգավիճակ է ստացել 3222 ընտանիք, որից 2695-ն արդեն վարկավորվել է, իսկ 356-ը՝ ներկայացրել ավարտական ակտ։
Կառավարության այսօրվա որոշմամբ առաջարկվում է սահմանել, որ ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսական աջակցությունը, այդ թվում՝ հիփոթեքային վարկով կառուցված անշարժ գույքը հիփոթեքային վարկի գործողության ընթացքում չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց: Որոշմամբ նաև առաջարկվում է կարգավորել այն դեպքերը, երբ շահառուները ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում գտնվել են պարտադիր զինվորական ծառայության մեջ և փաստացի չեն բավարարում այդ ժամանակահատվածում տվյալ բնակավայրում հաշվառված լինելու պայմանին։ Այս դեպքում առաջարկվում է տվյալ բնակավայրում հաշվառված լինելու հանգամանքը ստուգել նախքան զորակոչվելը նախորդ 1 տարվա համար։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշման ընդունումը և նշել, որ Սահմանամերձ գյուղերի և 16 միլիոնի ծրագիրն ակնհայտորեն ունի սոցիալական նշանակություն, որը կարող է նաև նպաստել հետագայում այդ մարդկանց պարտավորությունների պատշաճ կատարմանը։
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման կարգ
Կառավարությունը հաստատել է Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման, դրանց միջոցով վճարումներ կատարելու կարգը։ Ինչպես նշել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, որոշումը մշակվել է՝ հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի դրույթները։ «Օրենքով սահմանել էինք, որ ապահովագրված անձի առողջ ապրելակերպի խրախուսման նպատակով հաշվում են բոնուսային միավորներ, եթե տվյալ տարվա ընթացքում վերջինիս անունով, բացի կանխարգելիչ ծառայությունից, այսինքն՝ սկրինինգներից, այլ ապահովագրական հատուցում չի գրանցվել։ Այս դեպքում արդեն տարվա ավարտից հետո անձի բոնուսային հաշվին փոխանցվում են նախնական բոնուսային միավորները։ Միաժամանակ, նաև հաշվի առնելով մեր բնակչության համար կարևոր հանրային առողջապահական ցուցանիշները, մենք սահմանել ենք նաև լրացուցիչ ցուցանիշներ։ Երբ ապահովագրված անձը հանդես է գալիս որպես կամավոր անհատույց արյան դոնոր կամ առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից գրանցվում են անձի առողջ ապրելակերպին միտված պարբերաբար բարելավող ցուցանիշներ, օրինակ, մարմնի զանգվածի ինդեքսի նորմավորում, ծխելուց հրաժարում և այլն, ապա այդ դեպքում կիրառվում են նաև բոնուսների նկատմամբ լրացուցիչ գործակիցներ։ Դրանք ավելի մանրամասն մենք կսահմանենք առողջապահության նախարարի հրամանով՝ և՛ ընթացակարգերը, և՛ բոնուսների չափերը»,- ասել է փոխնախարարը։
Լենա Նանուշյանը տեղեկացրել է՝ սահմանվել է, որ վերջնական բոնուսային միավորները չեն կարող գերազանցել տարեկան ապահովագրական վճարի 10%-ը, և այդ հավաքագրված միավորները տարին լրանալուց հետո արդեն կարող են օգտագործվել մի շարք նպատակներով. «Կարող են օգտագործվել ապահովագրավճարը վճարելու, կամավոր բժշկական ապահովագրական փաթեթ ձեռք բերելու, համավճարների վճարման համար, ինչպես նաև՝ մարզասրահների, լողավազանների նաև բաժանորդական վճարների համար»։
Ըստ փոխնախարարի՝ որոշումն ուժի մեջ է մտնելու 2029 թվականի հունվարի 1-ից. «Նախնական այս հաստատումը մեզ հնարավորություն կտա ոչ միայն էլեկտրոնային գործիքը նախապատրաստել, այլ նաև իրականացնել նախապատրաստական այդ աշխատանքները»։
Նորակառույց շենքերը, կազմակերպությունները պետք է շահագործվեն և սպասարկվեն պատշաճ մակարդակով. վարչապետ
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է չնախատեսված այցերից մեկին, որի ժամանակ ականատես է եղել նորակառույց մանկապարտեզի սանհանգույցների անմխիթար վիճակին։ «Երբ խարխուլ դպրոցներում կամ մանկապարտեզներում տեսնում ենք այդպիսի տեսարան, մի կերպ, ինչ-որ ձևով հասկանում ենք, որ այդտեղ պայմանները պահելը շատ դժվար է, բայց երբ խոսքը գնում է նորակառույց մանկապարտեզի մասին, դա որևէ կերպ չի կարող հանդուրժվել»,-ասել է վարչապետը և նշել, որ ինքը հրահանգել է ազատել այդ մանկապարտեզի տնօրենին։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կատարելու է չնախատեսված այցեր ամենատարբեր տեղեր՝ դպրոցներ, մանկապարտեզներ և զորամասեր. «Երբ նման բաներ տեսա, ես ուզում եմ արձանագրենք, եթե դա վերաբերում է վարչատնտեսական պատասխանատուին, ուրեմն վարչատնտեսական պատասխանատուն չի աշխատելու, ազատվելու է աշխատանքից՝ առանց բացատրությունների, առանց որևէ բանի։ Ես ուզում եմ, որ մենք սա ի գիտություն ընդունենք։ Ընդ որում՝ ես հիմա առաջիկայում ավելի ու ավելի շատ չպլանավորված, քան թե պլանավորված այցելություններ եմ կատարելու»,- ասել է վարչապետը։
Անդրադառնալով նորակառույց դպրոցներին և մանկապարտեզներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բյուջետային համակարգով այնպես է արված, որ շահագործման պատշաճ մակարդակ ապահովվի այդ հաստատություններում։ «Եվ մանկապարտեզների դեպքում էլ, կառուցելուց առաջ մենք համայնքների հետ պայմանավորվել ենք, որ պետք է հստակ բյուջետավորվի դրանց պատշաճ պահպանության ծախսերը։ Հիմա, ելնելով այս կանխավարկածից, ցանկացած տեղ, երբ տեսա այս պատկերին, այսինքն՝ նախագծայինից շեղված իրավիճակ, ուզում եմ արձանագրել, որ տվյալ դպրոցի կամ մանկապարտեզի տնօրենն այլևս պետք է չաշխատի, շատ արագ, օրերի ընթացքում պետք է ազատվի աշխատանքից։ Եթե որևէ մարզում, որևէ համայնքում այս երևույթը կլինի կրկնվող, այսինքն՝ դա ոչ թե մի, այլ երկու տեղում կտեսնենք, արդեն անդրադարձ է լինելու բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր ի պաշտոնե պարտավոր են վերահսկողություն իրականացնել, որպեսզի այդ իրավիճակները չլինեն», – շեշտել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հավելել է՝ շենքերը, կազմակերպությունները պետք է շահագործվեն և սպասարկվեն պատշաճ մակարդակով. «Մենք դրա համար ստեղծել ենք բոլոր պայմանները և նախապայմանները, այդ թվում՝ բյուջետային։ Եթե ինչ-որ բան շեղում է, անհատական պատասխանատվություն անպայմանորեն պետք է առաջ գա, որևէ այլընտրանք և կոմպրոմիս այստեղ չի կարող լինել։ Ես այս հարցն այնքան եմ կարևորում, որ հարկ եմ համարում դրա մասին Կառավարության նիստում խոսել, որովհետև այստեղ խնդիրը միայն կոնկրետ այդ օրը, այդ պահին ստեղծված իրավիճակի մասին չէ, խնդիրն այն երկարաժամկետ ազդեցության մասին է, որ երեխաներին այդ միջավայրում պահելով և այդ տեսարանները սովորական դարձնելով մեր երեխաների համար՝ մենք հետագայում պրոբլեմներ ենք ստեղծում մեր երկրի, այդ թվում՝ երեխաների համար»։
Վարչապետն ընդգծել է կապն այդ իրավիճակի և 20 տարի հետո տեղի ունեցող իրադարձությունների միջև և նշել, որ այդ հարցերով զբաղվելը համարում է գերսկզբունքային. «Ես ամենաանսպասելի ժամանակ, ամենաանսպասելի տեղեր մտնելու եմ՝ տեսնելու մեր քաղաքականությունները ինչպես են իրականացվում, որովհետև, այդ թվում՝ այս ընթացքում, համոզվել եմ, որ մեր քաղաքականությունները նենգափոխվում են, խեղաթյուրվում են, երբեմն նույնիսկ միտումնավոր է դա արվում, երբեմն չիմացությամբ է դա արվում։ Բայց չիմացությամբ տառապողը ի՞նչ գործ ունի այդ պաշտոններում աշխատելիս։ Ես ուզում եմ, որ մենք սա հստակ արձանագրենք»։
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Կառավարության որոշմամբ առաջարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 2-ի շրջանակում Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 2-ի շրջանակներում ընթացքում է Աշտարակ-Թալին 34 կմ հատվածի վերակառուցման ծրագիրը։ Ըստ հիմնավորման՝ ծրագրի շրջանակում իրականացվել են 34 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի, 9 փոխհատումների, 19 T-աձև հանգույցների, 4 կամուրջների, 6 գյուղատնտեսական տեխնիկայի անցումների, ինչպես նաև ջրահեռացման համակարգի, այդ թվում 49 երկաթբետոնե ջրթող խողովակների կառուցման աշխատանքները։ Իրականացվել և ավարտվել են նաև վերակառուցվող ճանապարհահատվածի կահավորման և լուսավորության համակարգի տեղադրման աշխատանքները։ Իրականացվել են նաև գլխավոր ճանապարհից դեպի հարակից հատվածներում գտնվող հողամասեր մոտ 11․6 կմ դաշտամիջյան (երկրորդային) ճանապարհների կառուցման աշխատանքներ։ Որոշմամբ առաջարկվում է Արագածոտնի մարզի Ուջան, Կոշ, Արուճ բնակավայրերի, Շամիրամ համայնքի Շամիրամ բնակավայրի, Թալին համայնքի Ներքին Բազմաբերդ, Ն․ Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Եղնիկ և Թալին բնակավայրերի տարածքներում գտնվող ընդհանուր թվով 135 հողամասերի ազդակիր հատվածները ճանաչել հանրության գերակա շահ և հաստատել դրանց օտարման գոտին։ Օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2027 թ. ապրիլի 1-ը։ Արդյունքում՝ օրենքով սահմանված կարգով՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ կօտարվեն դեպի ազդակիր հողամասեր մոտեցումներ ապահովելու համար անհրաժեշտ տարածքները՝ ապահովելով ծրագրի բնականոն ընթացքը և ազդակիր համայնքների բնականոն կենսագործունեությունը։
Կապահովվի օտարման ենթակա սեփականության փաստացի վիճակի առավել ամբողջական, օբյեկտիվ և իրականությանը համապատասխան արձանագրումը
Կառավարությունը սահմանել է Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելիս օգտագործվող տեխնիկական սարքավորումների ցանկը, դրանց կիրառման կարգը, օտարվող սեփականության նկարագրության կազմման ընթացակարգը, մեթոդաբանությունը, օտարման ենթակա սեփականության նկարագրության արձանագրության, ինչպես նաև դրա կազմման համար հիմք հանդիսացած նյութերի պահպանման կարգն ու ժամկետները։ Որոշմամբ կապահովվի հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող գույքի նկարագրության արձանագրությունների կազմման միասնական և հստակ կարգավորում ՀՀ ամբողջ տարածքում։ Արդյունքում՝ հնարավոր կլինի ապահովել օտարման ենթակա սեփականության փաստացի վիճակի առավել ամբողջական, օբյեկտիվ և իրականությանը համապատասխան արձանագրում, նվազեցնել հետագա վեճերի առաջացման հավանականությունը, ինչպես նաև բարձրացնել փոխհատուցման գործընթացների թափանցիկությունն ու կանխատեսելիությունը։ Միաժամանակ, ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառումը հնարավորություն կտա արձանագրել գույքի փաստացի վիճակը նաև այն դեպքերում, երբ խոչընդոտվում է գույքի անմիջական ուսումնասիրությունը կամ մուտքը օտարման ենթակա տարածք։
Կկատարելագործվի սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանով ապահովման ծառայությունների ոլորտի իրավական դաշտը
Կառավարությունը հաստատել է Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովելու կարգը, պայմանները, շահառուների խմբերը, պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովելու համար պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացվող և տրամադրվող տվյալների ցանկը, դրանք ստանալու և տրամադրելու կարգն ու տրամադրող մարմինների ցանկը։ Որոշման ընդունումը կնպաստի այն օրենսդրական բացերի լրացմանը, որոնք ներկայումս առկա են պետական ժամանակավոր օթևանում և սոցիալական բնակարանային ֆոնդից կացարան տրամադրելու ոլորտում: Ըստ այդմ՝ առաջարկվում է վերանայել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում տեղավորվող անձանց (ընտանիքների) ցանկը և նրանց ներկայացվող պայմանները։ Մասնավորապես՝ որոշմամբ, ի թիվս այլ խմբերի, սահմանվել է նաև հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված ընտանիքներին ներկայացվող չափորոշիչները ու պայմանները։ ՀՀ-ում ապաստան ստացած փախստականներին հնարավորություն է տրվում կացարանով ապահովվել երկու մեխանիզմներով։ Որպես նոր սոցիալական խումբ սահմանվել են նաև ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձինք, ովքեր հիմքեր չունեն ապաստարանում բնակվելու, սակայն սոցիալական գնահատման կարիքի հիման վրա նրանք ունեն կացարանի կարիք։ Որոշմամբ նախատեսվում է սահմանել փորձնական ծրագիր, որի համաձայն՝ ի սկզբանե պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանները հատկացվում են մատչելի վարձավճարի դիմաց։ Փորձնական ծրագիրը իրականացվելու է քաղաք Արտաշատ, Մռավյան 32/1 հասցեում գտնվող պետական սոցիալական բնակարանային ֆոնդում։ Նշված հասցեում գտնվող պետական սոցիալական բնակարանային ֆոնդում նախատեսվում է ունենալ 23 կացարան։ Նախատեսվում է վերանայել սոցիալական բնակարանային ֆոնդից տրամադրվող կացարանի տրամադրման պայմանագրերի ժամկետները։ Արդյունքում՝ ակնկալվում է կատարելագործել պետական սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանով ապահովման ծառայությունների ոլորտի իրավական դաշտը, վերանայել թիրախային խմբերի ցանկը, կարգավորել որոշակի հարաբերություններ:
Կսահմանվեն արդյունահանման իրականացման հստակ պայմաններ և վերահսկողության մեխանիզմներ
Գործադիրը սահմանել է գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի, ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը։ Այն թույլ կտա ապահովել գետաողողատային հանքավայրերի շահագործման իրավական կարգավորումների ամբողջական ներդաշնակեցումը նշված օրենքով սահմանված վերահսկողական նոր և խստացված պահանջներին: Արդյունքում՝ կձևավորվի գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի, ավազակոպճային և ավազակոպճագլաքարային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման միասնական և հստակ կարգավորում ՀՀ տարածքում։ Միաժամանակ կբարձրանա ոլորտի իրավական որոշակիությունը, կսահմանվեն արդյունահանման իրականացման հստակ պայմաններ և վերահսկողության մեխանիզմներ, ինչը կնպաստի գետերի հուների կայունության պահպանմանը, գետի հունի փոփոխության և հնարավոր անդրսահմանային ազդեցությունների կանխմանը, ինչպես նաև ընդերքօգտագործման գործընթացի թափանցիկության և վերահսկելիության բարձրացմանը։ Արդյունահանող տեխնիկայի GPS համակարգով կահավորման և տոպոգրաֆիական հանույթների թվային (DXF կամ Shape files) տարբերակով ներկայացման պահանջների ներդրումը հնարավորություն կտա ապահովել իրական ժամանակում իրականացվող վերահսկողություն և տվյալների հավաստիություն:
Մեկ այլ որոշմամբ էլ գործադիրը հաստատել է սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներում և հանքավայրերում ընդերքօգտագործում իրականացնելու վերաբերյալ ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում՝ նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների՝ իրենց իրավասությունների շրջանակներում համաձայնությունների տրամադրման կարգը։
Վարդենիսի բժշկական կենտրոնի համար նախատեսվում է նոր շենք կառուցել
Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Գայի փողոցում գտնվող անշարժ գույքը նախատեսվում է ամրացնել ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին։ Որոշմամբ առաջարկվում է նաև միավորել արդեն իսկ վերջինիս ամրացված մի շարք գույքեր։ Ըստ այդմ՝ նախատեսվում է կառուցել Վարդենիսի բժշկական կենտրոնի համար նոր շենք` տարածաշրջանի բնակչությանն առավել որակով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցելու նպատակով:
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի Կոնվենցիայի համաձայն ՀՀ-ում հաշմանդամային սպորտի իրավական դաշտին վերաբերող խնդիրների լուծմանն ուղղվող քայլերի զարգացման և իրագործման նպատակով։ Ըստ այդմ՝ կապահովվի պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը: Որոշումն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց համար սպորտի ոլորտում հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման նպատակով համապատասխան օրենսդրական դաշտի կատարելագործմանը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք կյանք վերադարձին:
Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները
ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում։ Ըստ այդմ, վերանայվում են՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի կամ հարմարեցված ԳՕՍՏ 30478-96 ստանդարտի պահանջներին համապատասխանող ավտոբուսների քանակի առնվազն 10 տոկոսի չափը, 3 և ավելի ավտոբուսներով սպասարկվող երթուղիներում յուրաքանչյուր 3-րդ ավտոբուսը պետք է մատչելի լինի հաշմանդամություն ունեցող անձանց։ Որոշմամբ կարգավորումներ են սահմանվում հայտ-պարտավորությունը չկատարելու արդյունքում սպասարկման իրավունքից զրկված կազմակերպություններին 2 տարի ժամկետով մրցույթներին մասնակցելու իրավունքից զրկելու վերաբերյալ։
Կշարունակվի Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության բարելավումը
Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շարունակական բարելավումն ապահովելու համար Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ նախատեսված է Կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի ստեղծում, որը պետք է օժտված լինի լայն լիազորություններով, ունենա ազատ մուտքի և համապատասխան ուսումնասիրությունների անցկացման հնարավորություն բոլոր այն վայրերում, որտեղ մարդիկ կարող են զրկված լինել ազատությունից: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Կամընտիր արձանագրության հատուկ ֆոնդ է ներկայացրել «Կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների ընդլայնում և Հայաստանում խոշտանգումների կանխարգելման նպաստում» ծրագրի իրականացման առաջարկ, որը ընդունվել է: Ծրագրի իրականացումը նախատեսված է այս տարի։
Օրենսդրական նախաձեռնություն. նախատեսվում է կատարելագործել Կառավարության անդամների երդման տեքստի իրավական բովանդակությունը
Գործադիրը հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին։ Օրինագծով կարգավորման ենթակա ոլորտն առնչվում է ՀՀ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի՝ Կառավարության անդամների կողմից իրենց լիազորությունները ստանձնելիս տրվող երդման տեքստի բովանդակությանը։ Առաջարկվող երդման տեքստում օգտագործված հասկացություններն ընտրվել են՝ արտացոլելու համար Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերը, ժողովրդավարական կառավարման սկզբունքները և Կառավարության անդամի սահմանադրական առաքելությունը։ Նախագծի կարգավորման նպատակն է կատարելագործել Կառավարության անդամների երդման տեքստի իրավական բովանդակությունը՝ դրանում առավել հստակ արտացոլելով պետականության ամրապնդման, հանրային և պետական շահերի պաշտպանության, ինչպես նաև ՀՀ զարգացմանն ու հարատևությանն ուղղված արժեքները։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ Կառավարության անդամների կողմից տրվող երդումն ավելի ամբողջական կերպով կարտացոլի նրանց կողմից պաշտոնի ստանձնման հետ կապված պատասխանատվության շրջանակը և պետական իշխանության հիմքում ընկած հիմնարար արժեքները։
Միջազգային համագործակցություն
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև» Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 284.4 մլն ԱՄՆ դոլար, նպատակաուղղված է շուրջ 109,000 տեղահանված անձանց բնակարանային լուծումների հասանելիության բարելավմանը, հիփոթեքային շուկայի խորացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացմանն ու իրականացման գործընթացների կատարելագործմանը: Այն բաղկացած է երեք բաղադրիչներից՝ բնակարանային սուբսիդիաներ և աջակցություն ինստիտուցիոնալ զարգացմանը, բնակարանային ֆինանսավորման շուկայի զարգացում, ծրագրի կառավարում, հաղորդակցություն, մոնիթորինգ և գնահատում: Նախատեսվող ֆինանսավորումը, որը կիրականացվի փուլ առ փուլ։ Մեկ այլ որոշմամբ էլ հավանություն է տրվել ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Հավանություն է տրվել 2025 թվականի նոյեմբերի 21-ին Աստանայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Համաձայնագրով կանոնակարգված են նաև գաղտնի տեղեկությունների պահպանության և պաշտպանության ապահովման, գաղտնի տեղեկությունների փոխանցման, դրանց օգտագործման, իրավասու մարմինների փոխգործակցության, գաղտնի տեղեկությունների պահպանության և պաշտպանության պահանջների հնարավոր խախտումների դեպքերում իրականացվող գործողությունների հետ կապված հարաբերությունները:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: