Ինչու են գայլերը հարձակվում մարդկանց վրա

Հասարակություն

Ինչու են գայլերը հարձակվում մարդկանց վրա

      Գայլերի բնական միջավայրի կորստի հետ է կապված  մարդկային բնակավայրեր հասնելը,- անդրադառնալով Սյունիքի մարզում 6 հոգու վրա հարձակվելու դեպքին նշում է բնապահպան Սիլվա Ադամյանը։

 Երեկ Գորիսի Քարահունջ բնակավայրից մինչեւ Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր հատվածներում գայլը հարձակվել է 6 հոգու վրա, այդ թվում՝ վնասելով 3 տարեկան երեխայի։ Մարմնական տարբեր վնասվածքներով նրանք տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկի վիճակն էլ  ծանր է։

   Սիլվա Ադամյանն ահազանգում է՝ գայլերի կենսամիջավայրը մարդկային միջամտության արդյունքում ենթարկվում է փոփոխության այնպես, որ այդտեղ որսի իրականացումն այլեւս հնարավոր չէ, եւ ոհմակներն  առաջ են շարժվում, սննդի որոնումների համար հասնում  մարդկային բնակավայրեր՝   հետապնդելով եւ որսալով խոշոր եղջերավոր կենդանիներ, վնասում են նաեւ մարդկանց։

  Բնապահպանը հիշում է՝ դեռ 2015 թ-ին կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի գայլերի թվաքանակի կարգավորման  համար սկսվեց գայլերի մորթիների ընդունման գործընթացը։ Սակայն դա էլ խնդիրը չլուծեց։ Նախաապես դրա վտանգների մասին բարձրաձայնել էին։   

Սիլվա Ադամյանն ավելի գործնական քայլեր է առաջարկում՝ հայկական գամփռները, էլեկտրական հովիվները անփոխարինելի են անասնահոտերը եւ  տարածքները գայլերից պաշտպանելու համար։ Գայլը էլեկտրական հովիվից  ստանում է կարճատև, ուժեղ հոսանքի հարված, որը չի սպանում կենդանուն, բայց առաջացնում է վախ եւ ցավ։ Նա  հիշում է այդ վայրը եւ  այլևս չի մոտենում տարածքին։

Նրա խոսքերով՝ ողջ աշխարհում այս խնդիրը կա։  Կառավարությունն եւ միջազգային կառույցները մեծ աշխատանք ունեն անելու, որպեսզի ոչ  մարդը չտուժի, ոչ գայլը։  

 

 

Leave a comment