Վերջին շրջանում սոցցանցերում հաճախ են հանդիպում հարսանեկան և այլ ֆոտոսեսիաների ու կորպորատիվ խնջույքների լուսանկարներ, որոնք կայացել են Ազգային օպերային թատրոնի դահլիճում կամ հենց բեմի վրա, ինչին հանրությունը ցավագին է վերաբերվում:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է ստացել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի խորհրդական Ռոնա Ահարոնյանից:
«Ուզում եմ շեշտել, որ ցավագին որևէ բան չկա, օպերային թատրոնում կա ընթացակարգ, որին համապատասխան՝ անհատները, կազմակերպությունները, ֆիզիկական անձինք կարող են հստակ կանխավճարի դիմաց վարձակալել օպերային թատրոնի դահլիճը, բեմը, ճեմասրահները կամ տանիքը և այնտեղ անցկացնել միջոցառում: Պարտադիր պայման է, որ թատրոնը պարտադիր տեղյակ լինի միջոցառման բնույթից, մենք փորձում ենք հնարավորինս պահել ակադեմիզմը և թույլ չտալ, որպեսզի դառնա խրախճանք, ռաբիզ ինչ-որ միջոցառում: Մարդիկ վճարում են վարձակալության դիմաց, և այդ գումարն օգտագործվում է ի նպաստ օպերային թատրոնի: Վերջերս մենք բազմաթիվ վերանորոգումներ ենք ունեցել շենքում հենց վարձավճարից գոյացած գումարով, ցանկացած բան ծառայեցվում է միայն օպերային թատրոնին»,-ասաց Ռոնա Ահարոնյանը:
«Մենք ունեցել ենք բազմաթիվ ամուսնության առաջարկներ, հարսանեկան ֆոտոսեսիաներ, կորպորատիվ միջոցառումներ: Ինչպես արդեն նշեցի, դրանք արվում են հստակ վարձավճարի դիմաց, հստակ իրավական ընթացակարգերին համապատասխան՝ կնքվում է պայմանագիր, դրանից չի տուժում խաղացանկը, հանդիսատեսը չի տուժում, արվում են այդպիսի բաները միայն այնպիսի ժամերի, երբ թատրոնն ազատ է:
Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ մենք կարող ենք ցանկացած առաջատար թատրոն վարձակալել՝ սկսած Լա Սկալայից մինչև Փարիզի և Սիդնեյի օպերա, կոնկրետ վճարի դիմաց իրականացնել թե անձնական, թե կորպորատիվ միջոցառում: Այսինքն, մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը: Այս ձևաչափը քննարկելիս հիմք է ընդունվել միջազգային պրակտիկան: Օրինակ՝ Փարիզի օպերայում էլ եղել են բազմաթիվ հարսանիքներ, խնջույքներ: Գուցե առաջին ռեակցիան ցավոտ է, որ օպերան տվել են, հարսանիք են անում, բայց դա բիզնես փաթեթ է, որն օպերային թատրոնը մատուցում է որոշակի վճարի դիմաց»,-հավելեց Կարեն Դուրգարյանի խորհրդականը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: