Արսեն Ջուլֆալակյան․ Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է

Այն, ինչ կատարվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր («Իմ քայլը» խմբակցություն) Արսեն Ջուլֆալակյանը։

Հուլիսի 7–ին դատարանի՝ Գագիկ Ծառուկյանին 2 ամսով կալանավորելու որոշման հրապարակումից րոպեներ անց, ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ տարածեց, որում երևում էր, թե ինչպես են սև համազգեստով, դիմակավորված մի խումբ անձինք գետնին պառկեցնում ԲՀԿ առաջնորդին և ձեռնաշղթաներ հագցնում։

Ջուլֆալակյանը նշել է, որ 2020թ-ի փետրվարից «զրո» հարաբերություն ունի Գագիկ Ծառուկյանի հետ: Մեկ անգամ են հանդիպել Փարիզում, երբ Ծառուկյանը գնացել էր ըմբշամարտի մրցումները դիտելու:

«Հայտնի է, որ նույն քաղաքական հայացքների կրող չենք: Առհասարակ, շատ տարբեր ենք մեր մոտեցումներում թե՛ քաղաքականության մեջ, թե՛ սպորտում: Բայց այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է։ Սա ցույց է տալիս պետության կողմից տարրական մարդկային վերաբերմունքի բացակայությունն իր քաղաքացու հանդեպ։ Տասնյակ ուժայիններով գետնել 70-ամյա մարդուն՝ իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում և պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին, ստորության գագաթնակետն է»,–գրել է Ջուլֆալակյանը։

Մարզիկն ընդգծել է, որ բացահայտ կեղծված ընտրություններից հետո, այս ամենը այլանդակ քաղաքական այլասերվածություն է, բացարձակ իրավական ամենաթողություն և պետական բոլոր ինստիտուտների տոտալ վերահսկողության։

Sputnik Արմենիա

Leave a comment