31 400 տեսանյութ, 250 հազար մեկնաբանություն․ հունվարից մինչև այս պահը «Disint.ai» հարթակի միջոցով կատարվել է յութուբում քաղաքական պատումների ուսումնասիրություն։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ անցկացված «Սոցիալական մեդիան և ընտրությունները․ խոսույթ ու ազդեցություններ» թեմայով քննարկման ժամանակ ներկայացվեցին Disint.ai հարթակում ընտրական ժամանակահատվածում տեղեկատվական հոսքերի մշտադիտարկման արդյունքները։
Արհեստական բանականության տեխնոլոգիաներով աշխատող այս գործիքի միջոցով մշտադիտարկվել է 2026 թվականի առաջին 6 ամիսը։ Հետազոտության համար նախապես ընտրվել էին առավել շրջանառվող պատումներ և յութուբյան ալիքներ, որոնք ներկայացնում են դաշտի բազմազանությունը՝ իշխանամետ, ընդդիմադիր և անկախ դիրքավորվող հարթակներ։
Ուսումնասիրության համար նախապես առանձնացվել են 16 առավել շրջանառվող պատում։ Օրինակ՝ պատումներից են՝ իշխանության փոփոխության դեպքում պատերազմ կլինի, ընտրել Սամվել Կարապետյանին, նշանակում է ընտրել Ռոբերտ Քոչարյանին, իշխանությունը «խաղաղության» անվան տակ երկիրը տանում է նորանոր կորուստների և այլն։
Նախապես առանձնացվել է յութուբյան 17 ալիք՝ ընդգծված իշխանամետ կամ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող, անկախ բովանդակություն տարածող ԶԼՄ-ներ ու բլոգերներ։ Թե՛ պատումների, թե՛ ալիքների ցանկը նախապես տրամադրվել է Pop Up Newsroom փաստերի ստուգման լրագրության ժամանակավոր խմբագրության անդամ լրատվամիջոցներին՝ դրանցում հավելումներ ու փոփոխություններ կատարելու համար։ Այս ներգրավվածությունը թույլ է տվել ապահովել ընտրված հավաքագրվող տվյալների առավելագույն օբյեկտիվությունը։
«Disint.ai» հարթակի հիմնադիր լիտվացի փորձագետ Պավել Լիբերը, տեսակապի միջոցով խոսելով ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում ԵՄ-ի ներկայիս ռազմավարությունների մասին, ասաց․ «ԵՄ-ն խոշոր ընկերություններին մղում է ունենալ ավելի ուժեղ վերահսկողություն սոցիալական մեդիայում։ Եթե մենք՝ որպես անկախ փորձագետներ, հասկանում ենք դրա կարևորությունը, ապա, օրինակ, Գուգլը և այլ խոշոր ընկերություններ ունեն շատ ավելի մեծ ազդանշաններ։ Սա ռազմավարությունների, կարգավորումների և քաղաքականությունների խնդիր է։ Հատկապես երիտասարդ սերունդը շատ խոցելի է սոցիալական մեդիայի քարոզչության նկատմամբ»։
Aravot.am-ի հետ զրույցում փաստեր ստուգող լրագրող Լուսինե Ոսկանյանը, համադրելով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ նախընտրական փուլում իրենց վերլուծությունների արդյունքները, նշեց․ «Մեր աշխատանքները սկսել ենք ընտրություններից առաջ և ընթացքում, մինչև այս պահը իրական ժամանակում թարմացվում են տվյալները։ Մենք նկատել ենք, որ յութուբում քաղաքական պատումների շրջանառությունը բավականին մեծ աճ է գրանցել այն ալիքներում, որոնք ուսումնասիրել ենք։
Մինչև ապրիլ շրջանառությունն ավելի կայուն է եղել, բոլոր պատումները բավականին ցածր մակարդակում են եղել, հենց սկսվել է քարոզարշավի շրջանը, քաղաքական պատումների շրջանառությունը կտրուկ աճել է՝ մոտ 3-4 անգամ։ Հիմնական պատումների շրջանառությունը տեղի է ունենում մեկնաբանությունների միջոցով, այլ ոչ թե յութուբյան ալիքների միջոցով։ Մենք նաև բոտերի մեծ քանակ ենք հայտնաբերել՝ 53 բոտ, որոնք կասկածելի վարքագիծ են ցուցաբերում․ կարող են 15 վայրկյանից ցածր ժամանակահատվածում մի քանի տեղ միաժամանակ գրել մեկնաբանություններ, պատճենել դրանք։ Երեք օգտատեր կային, համակարգը նրանց ճանաչում էր որպես երեք օգտատեր, բայց երբ նայում ենք անուններին, հասկանում ենք, որ հավանաբար նույն մարդն է՝ նույն անուններով։ Այդ օգտատերերն ավելի շատ էին պատճենել իրենց մեկնաբանությունները տարբեր ալիքներում, տարբեր ժամանակահատվածներում։ Փաստորեն՝ ապրիլի 3-ին անձը մեկնաբանություն է անում, ապրիլի 27-ին կատարում նույն մեկնաբանությունը այլ տեսանյութի տակ։ Նշանակում է, որ դա կասկածելի է»։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ յութուբում մեծ թվով ատելության խոսք կա։ Լուսինե Ոսկանյանն այս առիթով նշեց․ «Յութուբի կանոնադրությունը խախտող օգտատերեր են բացահայտվել, որոնց հետագայում կարող ենք Յութուբին խնդրել հեռացնել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: