Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու։ Ըստ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի՝ դատավորը չի նշել, թե երբ կհրապարակի որոշումը, միայն ասել է, որ նախապես կտեղեկացնի։
«Դատարանը լսողի դերում էր՝ լսեց կողմերի փաստարկները։ Կարող ենք ասել, որ հանցագործության մասին խոսք չկա։ Իրենք ասում են, իբր թե Ծառուկյանը Իրանի Իսլամական Հանրապետության որոշ քաղաքացիներից խարդախությամբ հափշտակություն է արել, փողերի լվացում է կատարել։ Սակայն դատարանում հստակ հիմնավորեցինք, որ այդ անձինք փաստաթղթեր են ստորագրել, ըստ որոնց՝ հենց իրենք են պարտք Ծառուկյանին։ Պարտավորվել են մինչև 2026 թվականը վերադարձնել գումարը, սակայն չեն վերադարձրել, և այս վարույթները սկսվել են շանտաժի հետ կապված։ Հիմնավորեցինք նաև Իրանի Իսլամական Հանրապետության դատարանի որոշմամբ, որ իրենք նույն գործընթացը սկսել են այնտեղ, իսկ այնտեղի դատարանն արձանագրել է, որ հանցագործություն չկա։ Հիմնավորեցինք նաև, որ Իրանի իրավասու պետական մարմիններն արձանագրել են՝ այդ քաղաքացիների հայտարարությունների հիմնական մասը սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ Այստեղ հանցագործություն գոյություն չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երեկվանից Ծառուկյանի առանձնատանն ու նրան պատկանող ընկերություններում խուզարկություններից հետո, Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ու այսօր առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունը:
Փաստաբանի խոսքով՝ 2026 թվականի հունիսի 9-ից հետո Գագիկ Ծառուկյանը պետք է անձնական գործերով մեկներ արտերկիր, սակայն հենց այս գործի շրջանակում նրան թույլ չեն տվել մեկնել, իսկ հետո մեղադրանք են ներկայացրել՝ բացակայելու արգելքը խափանման միջոց կիրառելով:
Ըստ Երեմ Սարգսյանի, այդ որոշման դեմ փաստաբանական խումբը բողոք է ներկայացրել՝ նշելով, թե քանի որ Ծառուկյանը եղել է պատգամավորի թեկնածու, անձեռնմխելիությունը հաղթահարելու համար անհրաժեշտ էր ԿԸՀ-ի թույլտվությունը, և միայն դրանից հետո մեղադրանքը կարող էր համարվել օրինական։ Առանց դրա, նրա գնահատմամբ, մեղադրանքն ապօրինի է։
Ըստ Սարգսյանի՝ դատախազը բավարարել է փաստաբանների բողոքը՝ արձանագրելով, որ մեղադրանքն ապօրինի է. «Սակայն հունիսի 23-ին այդ որոշումը հաստատելուց հետո՝ մինչև հուլիսի 6-ը այն չեն ներկայացրել ոչ մեզ, ոչ քննիչին, սահմանափակումը չեն վերացրել։ Հունիսի 23-ից մինչև հուլիսի 6-ը նրան պահել են ապօրինի սահմանափակման տակ, որպեսզի հուլիսի 6-ին ձերբակալեն»:
Փաստաբանը ընդգծեց, որ կատարվում է այն, ինչի մասին հրապարակայնորեն հայտարարվել էր, և այս դեպքում գործ չունեն իրավական գործընթացի հետ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: