Վարդանյան․ Ծառուկյանի ձերբակալման և Փաշինյանի ռուսաստանյան այցի համընկնումը պատահական չէր

Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկօրյա այցը Ռուսաստան պատահական չեն համընկել։ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ասաց ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը:

Հուլիսի 6-ին Ծառուկյանի տանը և նրան պատկանող ձեռնարկություններում շուրջ 12-ժամյա խուզարկություններից հետո ԲՀԿ առաջնորդը ձերբակալվեց: Քննչական կոմիտեում 5 ժամ տևած հարցաքննությունից հետո նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվեց դատարան։ Նույն օրը Նիկոլ Փաշինյանը մեկնեց Եկատերինբուրգ, որտեղ «Իննոպրոմ» արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հանդիպեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:

Վարդանյանը վստահ է, որ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները նպատակային բնույթ ունեն։ Ըստ նրա՝ դա հատուկ քայլ էր Փաշինյանի այցից առաջ, որ նա սակարկելու կամ ինչ-որ բան ապացուցելու հնարավորություն ունենար։

«Մեծ է իմ անհանգստությունը, որ սա շարունակական բնույթ կրող գործողություն է լինելու և առնչվելու է տարբեր ընդդիմադիր ուժերի առաջնորդներին, քաղաքական և հանրային գործիչներին․․․Ասել, որ այստեղ կա իրավական գործ, կարծում եմ՝ զավեշտի ժանրից կլինի, Փաշինյանը հրահանգ է իջեցրել, և իր հրահանգը կատարում են։ Մեծ է նաև իմ անհանգստությունը, որ այդ հրահանգն այսօր կկատարի նաև դատավորը»,- դատարանի մոտ ասաց Վարդանյանը։

Կատարվող գործընթացում նա 2 բաղադրիչ է առանձնացնում` մի կողմից սա քաղաքական հետապնդում է Ծառուկյանի նկատմամբ, մյուս կողմից տնտեսական մեծ վնաս է հասցվում ոչ միայն տնտեսվարողներին, այլև հազարավոր քաղաքացիների, որոնք աշխատում են կապարակնքված ընկերություններում։

Հիշեցնենք` Գագիկ ԾԱռուկյանը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի:

Sputnik Արմենիա

Leave a comment