Ինչո՞ւ էր Գագիկ Ծառուկյանը կենդանիների գլուխները կախել առանձնատան առաստաղից. «սիմվոլիկայի մեծ սիրահար է». Տոնոյան

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի բնորոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կատարված խուզարկությունը կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկարատև խուզարկություն. այն տևել է մոտ 13 ժամ։ Դրանից հետո, ըստ Տոնոյանի, Քննչական կոմիտեում շարունակվել է հարցաքննությունը։

Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի դեմ ամբողջ գործընթացն իրականացվում է անփույթ ու թափթփված կերպով։ Որպես օրինակ՝ նշեց, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում մի քանի ժամ սպասելուց հետո են նոր միայն տեղեկացել, որ խափանման միջոցի հարցը քննվելու է առավոտյան:

«Չեմ հիշում որևէ գործ, որ այսքան դատարկ, մտացածին ու ուռճացված լինի։ Նիստը դեռ ընթացքի մեջ է, նախատեսված ժամից ուշ է մեկնարկել։ Մենք նախօրեից սկսած բազմաթիվ ահազանգեր ենք ստանում ստեղծված իրավիճակի հետ կապված, որովհետև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող տասնյակ ընկերություններ կաթվածահար են եղել, ավելի քան 10 հազար աշխատակիցներ մատնվել են հարկադիր պարապուրդի։ Ուզում եմ հասկանալ՝ տնտեսության ողնաշարը կոտրելու հետևողական այս նախաձեռնությունը որքանո՞վ է նպատակահարմար»,- ասաց Տոնոյանը։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի առանձնատան բակից պահվող կենդանիներին տեղափոխելուն՝ Տոնոյանն ասաց, որ յուրաքանչյուր մարդ ունի իր նախասիրությունները, և որևէ մեկին արգելված չէ թույլատրելի վայրերում որս իրականացնել։ Նա նշեց, որ Ծառուկյանն ունեցել է կենդանիների պահման բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, ինչպես նաև ապահովված են եղել բոլոր համապատասխան մասնագետների ծառայությունները։

Ինչ վերաբերում է տարբեր կենդանիների գլուխները առաստաղից կախված լինելուն, Տոնոյանն ասաց. «Այստեղ գործ ունենք սիմվոլիկայի մեծ սիրահար անձի անձնական վերաբերմունքի հետ։ Այն, ինչ իրականացվել է, եղել է օրենքի շրջանակներում»։

Տոնոյանը հավելեց, որ յուրաքանչյուր մարդ ունի իր հոբբին, և եթե այն օրենքով արգելված չէ, որևէ մեկը չի կարող դրա համար քննադատել։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment