Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակայնորեն աջակցել է Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեին՝ դատապարտելով նրա հասցեին պարագվայցի սենատոր Սելեստե Ամարիլայի ռասիստական հայտարարությունները։
«Մբապեի ևս մեկ գոլ։ Այս անգամ՝ ռասիզմի դեմ։ Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում»,- գրել է Մակրոնը։
Ավելի վաղ Ամարիլան ռասիստական վիրավորանքներ էր հնչեցրել Մբապեի հասցեին՝ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Ֆրանսիայի և Պարագվայի միջև 1-0 ոչ-ոքիից հետո, որտեղ ֆուտբոլիստը խփել էր միակ գոլը։ Մբապեն խաղից հետո չէր սեղմել Պարագվայի հավաքականի դարպասապահ Օռլանդո Ժիլի հետ ձեռքը։
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ պատրաստվում է բողոք ներկայացնել դատախազություն՝ Ամարիլայի հայտարարությունները որակելով անընդունելի։ Դրանք դատապարտել է նաև Պարագվայի կառավարությունը՝ ընդգծելով, որ նման խոսքերը հակասում են խաղաղ համակեցության արժեքներին։
Ավելի ուշ Ամարիլան հայտարարել է, որ մտադիր է դատի տալ Մբապեին՝ պնդելով, թե ֆուտբոլիստի հայտարարություններն ու պահվածքը վիրավորել են պարագվայցիներին։ Նրա խոսքով՝ Մբապեի՝ խաղից առաջ հնչեցրած և հանդիպման ընթացքում արված արտահայտությունները, ինչպես նաև պահվածքը, արժանապատվությունը նվաստացնող և վիրավորական էին, ուստի նա պահանջում է հրապարակային ներողություն։
«Մենք հիմար չենք։ Մենք հիանալի հասկանում էինք, որ «կեղտոտ» ասելով դուք նկատի ունեիք Պարագվայի ազգային հավաքականը և ընդհանրապես պարագվայցիներին։ Հետո ասացիք, որ նրանք «կհանեն դիմահարդարումը»։ Մենք նաև հասկանում էինք, որ դուք նրբագեղ էիք, դիմահարդարված, իսկ մենք՝ աղքատ, կոպիտ մարդիկ, որոնք նույնիսկ չգիտեին, թե ինչ է դիմահարդարումը։ Ամբողջ Պարագվայը այդպես ընդունեց դա, այդ թվում՝ ես։ Մենք կուլ տվեցինք այն։
Խաղի ընթացքում ձեր ամբարտավանությունը ակնհայտ էր։ Դուք արհամարհանք ցուցաբերեցիք յուրաքանչյուր խաղացողի նկատմամբ, կարծես նրանք զզվելի լինեին Ձեզ համար։ Եվ երբ Դուք, առանց բերանը ծածկելու, ասացիք «La concha de tu madre», դա հնչեց որպես Լատինական Ամերիկային ուղղված չափազանց ագրեսիվ վիրավորանք, և դուք դա շատ լավ գիտեք։
Հիմա ես պահանջում եմ, որ դուք նույնպես հետ վերցնեք ձեր խոսքերը և ներողություն խնդրեք ինձանից։ Ես նույնպես չեմ հանդուրժի ձեր բռնությունը։ Դուք ինձ չեք ճանաչում, պատկերացում չունեք, թե ով եմ ես, և իրավունք չունեք ասելու, որ ես ողորմելի կին եմ, անարժան իմ զբաղեցրած պաշտոնին»,- նշել է սենատորը։