Ռուսական բաղադրիչներով հագեցած միջին մայրուղային ՏՈՒ-214 (Ту-214) ինքնաթիռների սերիական մատակարարումները ավիաընկերություններին կմեկնարկեն 2027 թվականից։ Այս մասին այսօր հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի լիագումար նիստի ժամանակ իր ելույթում։ Ինքնաթիռները սերտիֆիկացումն ամբողջապես անցել են 2025-ի դեկտեմբերին։
ՌԴ վարչապետը հայտարարեց նաև, որ ռուսական նորագույն տարածաշրջանային Իլ-114-300 ինքնաթիռն ամբողջությամբ ավարտել է փորձարկումները և մոտակա ամիսներին կմատակարարվի Արխանգելսկի մարզ։ Հիմնականում ռուսական բաղադրիչներով արտադրված ինքնաթիռների այլ մոդելներ, մոտ 150 նավեր և այլ համանման նշանակության տեխնիկա նույնպես մինչև տարեվերջ կհանձնվեն շահագործման։
Խոսելով ՌԴ-ում գիտատեխնիկական առաջընթացի մասին՝ վարչապետ Միշուստինը տեղեկացրեց, որ ռոբոտատեխնիկայի արդյունաբերական յոթ կենտրոններ արդեն պատրաստ են․ նախատեսված է կառուցել 30-ը։ ՌԴ վարչապետը նկատեց, որ նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառմամբ ռուսական ինժեներական միտքը ոչ ստանդարտ ինժեներական լուծումներով զարգացումների ճանապարհն է ընտրել։ Նրա բնութագրմամբ՝ 3D տպագրության հնարավորությունները էականորեն փոխում են դետալների արտադրության նկատմամբ մոտեցումները, մասնավորապես՝ ավիացիայի ոլորտում, որտեղ վերջին տարիներին, իր պնդմամբ, ՌԴ-ն անցել է բավական բարդ ճանապարհ՝ «ճանապարհի հիմնական մասը՝ տեխնոլոգիական անկախություն ապահովելու համար»։
«Առանց սահմանների արտադրության շրջանակներում Բելառուսը պատրաստ է ապահովել սեփական տեխնոլոգիաների փոխանցումը և ժամանակակից աշխատատեղերի ստեղծումը մեր գործընկերների տարածքում»,-իր ելույթում հայտարարեց Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը։ Նա Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բարձր է գնահատում արդյունաբերական կոոպերացիայի հնարավորությունները․ «Արդյունաբերական կարողությունները հումքային բազայի և հնգյակի երկրների մտավոր ուժերի հետ համատեղելը իսկապես անսպառ ռեսուրս է»։ Ըստ նրա՝ ՌԴ- Բելառուս միութենական պետությունում գործարկված է «Արդյունաբերություն 360»-ի համար իդեալական էկոհամակարգի ներուժը․ «Բելառուսա-ռուսական ինտեգրման և կոոպերացիայի բարձր մակարդակը կարող է ապահովել առանց սահմանների արտադրության նույն ամբողջական ցիկլը։ Մեր երկրների ղեկավարների կողմից ընդունվող որոշումները, կառավարությունների համատեղ աշխատանքը, միջտարածաշրջանային սերտ կապերը, համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացումը՝ այս ամենն ապահովել են ոչ միայն երկրների միջև փոխադարձ առևտրի աճը, այլև տեխնոլոգիական անվտանգության ամրապնդումը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Իրենց ազգային ցուցադրությունները «Իննոպրոմ-2026»-ում ներկայացնում են հինգ երկրներ՝ Ինդոնեզիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Բելառուսը:
Աշխատանքային այցով ՌԴ է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելու ցուցահանդեսին։ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո սա Նիկոլ Փաշինյանի առաջին արտասահմանյան ուղևորությունն է։ ՀՀ վարչապետի հրապարակած տեսագրությունում երևում է, որ օդանավակայանում նրան դիմավորել են աղուհացով։
Ելույթ ունեցավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024 թվականի համեմատ կազմել է 4,7 տոկոս, իսկ ընթացիկ տարվա 4 ամիսներին՝ 13 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վերամշակող արդյունաբերությունը վերջին 9 տարիների ընթացքում աճել է 2 անգամ»։
Նրա խոսքով՝ վերջին շրջանի լայնածավալ ներդրումները մատնանշում են Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկարաժամկետ ռազմավարական տեսլական ունեցող եւ հուսալի երկիր։ Նա նշեց, որ Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններն արդեն ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ մի շարք նախագծերի մասնակից են՝ կոոպերացիոն արդյունաբերական ծրագրերով։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: