Ի՞նչ է անում, կամ ի՞նչ ենք անում մենք՝ ընդդիմությունը. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են։

Պետք չէ անակնկալի գալ, երբ ընտրություններին զուգահեռ ու ընտրություններից հետո ռեժիմն անցնում է ռեպրեսիաների նոր փուլի։

Ռեժիմին ու նրա արտաքին գործընկերներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է կառավարվող քաղաքական դաշտ՝ առանց Արարատի խորհրդի, առանց Արցախի հիշատակման, առանց ցեղասպանության ճանաչման, կարճ ասած՝ առանց Անկախության հռչակագրի բովանդակության։

Իսկ ընդդիմության հավաքած 500 հազարից ավելի ձայները դրան խանգարում են։

Ռեժիմը հստակ գնում է իր և իր արտաքին գործընկերների նախանշած գծով՝ «Հայաստանն առանց պատմական կաղապարների»։

Ի՞նչ է անում, կամ ի՞նչ ենք անում մենք՝ ընդդիմությունը։

Փողոցային օրինական պայքարի գործիքից չենք օգտվում, կուտակված էներգիան ուղղում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը սպասելուն ու հետո զարմանում, որ հերթով բոլորի հետևից գնում են։

Թե բա՝ միջազգային սկանդալ է, որ Օլիմպավանը խուզարկում են։

Այ ձեր ցավը տանեմ՝ միջազգային կենտրոնների «կոշիկին» չէ, թե ՀՀ-ում քանի հոգու կկալանավորեն։

Օրը ցերեկով ԲՀԿ-ի ստացած 4 տոկոսը ԿԸՀ-ն չեղարկեց, ո՞ր միջազգային կառույցը ծպտուն հանեց։

Նրանց պետք է առանց «պատմական կաղապարների» Հայաստան։

Ես դատապարտել ու դատապարտում եմ ռեժիմի բոլոր ապօրինությունները։

Բայց միայն դատապարտելով հարց չի լուծվում։

Ասածս ի՞նչ է… Կյանքը ցույց տվեց, որ սին էին այն սպասելիքները, թե ռեժիմն ընտրություններով ու առանց փողոցային ճնշման կգնա։

Բոլոր մտահոգ քաղաքացիներին, ովքեր կասեն՝ բա ինչո՞ւ դուք չեք նախաձեռնում, պատասխանեմ, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով մենք չենք ու չենք էլ եղել այս վերջին շրջանում ընդդիմության առաջին ջութակը, ու ռեալ ենք գնահատում մեր հնարավորությունները։

Ավելին՝ ասել եմ և էլի կասեմ՝ որևէ ուժ միայնակ չի կարող իշխանափոխություն իրականացնել։

Իսկ ՀՀԿ-ն թե՛ ընտրություններից առաջ, թե՛ ընտրարշավի ընթացքում, և թե՛ ընտրություններից հետո ասել է, որ պատրաստ է իր համեստ հնարավորություններով լինել նախաձեռնվող ընդդիմադիր հակաիշխանական պայքարի մեջ՝ առանց որևէ ամբիցիայի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment